Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան

POLITICS

«Առաջարկ Հայաստանին» նախագծի առաջարկով ներկայացնում եմ իմ պատկերացումները Հայաստանում խոշոր մեգանախագծերի հնարավորության և անհրաժեշտության վերաբերյալ։

I. Ի՞նչ է առաջարկվում
Մեզ անհրաժեշտ է ռազմավարական երևակայություն՝ ապագան տեսնելու և ստեղծելու ունակություն։ Այսօր երկրին անհրաժեշտ է նման մտածողության նոր ալիք՝ ավելի հավակնոտ, համակարգային և կայուն։ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ արձագանքել մարտահրավերների՞ն, թե՞ ձևավորել իր սեփական զարգացման օրակարգը։ Մեգանախանագծերը գործիք են այս երկրորդ ուղու համար։ Դրանք թույլ են տալիս մեզ «խոցելիության կառավարման» մոտեցումից անցնել ստեղծագործական դիմադրողականության տրամաբանության, որտեղ երկիրը ստեղծում է նոր կարողություններ, այլ ոչ թե պարզապես արձագանքում է արտաքին սպառնալիքներին։
Կարևոր է նշել, որ մեգանախագծերը նորություն չեն Հայաստանի համար։ Որոշներն արդեն իրականացվել են կամ իրականացվում են. օրինակ՝ Զվարթնոց օդանավակայանի նոր տերմինալը, Իրան-Հայաստան գազատարը և Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը։ Այլ նախագծեր, ինչպիսիք են նոր ատոմակայանի կառուցումը, վաղուց քննարկվում են, բայց պահանջում են քաղաքական կամք և ռազմավարական կենտրոնացում։ Կան նաև նախագծեր, որոնք նոր են սկսում ի հայտ գալ որպես նոր օրակարգի մաս։ Այս ամենն այն կոնկրետ ոլորտներն են, որոնք կարող են բարձրացնել երկրի տնտեսական դինամիզմը և տեղավորվել անվտանգության կուտակման «Հայաստան+1» դոկտրինի շրջանակներում: Յուրաքանչյուր նախագիծ, ռեսուրսների յուրաքանչյուր ներդրում պետք է երկրին ապահովի դիմադրողականության առնվազն մեկ լրացուցիչ մակարդակ՝ տնտեսական, ենթակառուցվածքային, տեխնոլոգիական, բնապահպանական կամ ինստիտուցիոնալ: Այս մոտեցումը սահմանում է համընդհանուր ֆիլտր. նախագիծը արժեքավոր է միայն այն դեպքում, երբ այն մեծացնում է երկրի կայունությունը և ստեղծում նոր ավելացված արժեք:
Համադրելով ռազմավարական պլանավորումը, պետական ​​պարտքի ռացիոնալ օգտագործումը, մասնագիտական ​​կառավարումը և հանրային աջակցությունը՝ Հայաստանը կարող է իրականացնել մի շարք մեգանախագծեր, որոնք կվերափոխեն երկիրը առաջիկա տասնամյակների ընթացքում և կբարձրացնեն նրա մրցունակությունը:
Եվ ամենակարևորը, խոշոր ենթակառուցվածքային նախագծերը սկզբում կարող են թվալ թանկ կամ անարդյունավետ: Այնուամենայնիվ, փոքր երկրների համար տնտեսական եկամուտները հաճախ ավելի ուշ են գալիս՝ երբ զարգանում է տարանցումը, ի հայտ են գալիս նոր արտադրական շղթաներ, և երկրի գրավչությունը մեծանում է: Բայց նման նախագծերի աշխարհաքաղաքական ազդեցությունն անմիջական է՝ ստեղծելով նոր երթուղիներ, կապեր և ազատության աստիճաններ:
Հայաստանն արդեն իսկ հաջող փորձ ունի պետական-մասնավոր գործընկերության ոլորտում՝ մեգանախագծերի իրականացման համար: Ռուբեն Վարդանյանի կողմից մեկնարկած «Հայաստան 2020» նախաձեռնությունը դարձել է կարևոր օրինակ այն բանի, թե ինչպես են երկարաժամկետ հայեցակարգերը վերածվում իրական նախագծերի: Այն ստեղծել է Ամերիաբանկը, Տաթևի ճոպանուղին, Դիլիջանի միջազգային դպրոցը և «Ավրորա» մարդասիրական մրցանակը: Այս նախագծերն ապացուցել են, որ մեծ գաղափարները, երբ կառուցված են և աջակցվում են ռեսուրսներով, երկարաժամկետ ազդեցություն են ունենում երկրի համար։

Այսպիսով, մեգանախագծերը կարող են Հայաստանին ապահովել.
1. Դիմացկունություն, երբ երկրի խոցելիությունը արտաքին ցնցումների նկատմամբ նվազում է։
2. Տնտեսական աճ, երբ խոշորածավալ նախագծերը մուլտիպլիկատիվ ազդեցություն են ունենում։
3. Աշխարհաքաղաքական ճկունություն, երբ նոր լուծումներն ընդլայնում են արտաքին կապերը և նվազեցնում արտաքին գործոնների ճնշումը։
4. Զարգացման համաչափություն, երբ մենք պետք է զարգանանք ոչ միայն Երևանում և նրա շրջակայքում։
5. Միջազգային կերպարի փոփոխություն, երբ կառուցվող երկիրը տարբեր կերպ է ընկալվում՝ որպես գործընկեր, այլ ոչ թե որպես ուրիշների որոշումները ընդունող։

II. Հայկական մեգանախագծերի մասնակի կատալոգ
Մեգանախագծերը աբստրակցիա չեն, այլ գործնական գործիք են առաջիկա տասնամյակներում Հայաստանը արդիականացնելու համար։ Դրանք պետք է դիտարկել ոչ թե որպես մեկուսացված նախաձեռնություններ, այլ որպես համակարգ։ Ստորև ներկայացված են մի քանի կլաստերներ, որոնք կարող են կազմել Հայաստանի կայուն զարգացման ամբողջական ճարտարապետությունը։ Այս կատալոգը չի ներառում մեգանախագծեր, որոնք կարող են հիմնված լինել բարձր տեխնոլոգիական կրկնակի նշանակության լուծումների վրա՝ նախագծեր, որոնք բավարարում են ինչպես երկրի քաղաքացիական, այնպես էլ պաշտպանական կարիքները՝ բարձրացնելով դրա դիմադրողականությունն ու անվտանգությունը: Նման մեգանախագծերը կարող են ապահովել Հայաստանի երկարաժամկետ աճ, տեխնոլոգիական անկախություն, թվային ինքնիշխանություն և մրցունակություն:
1. Էներգետիկ և արդյունաբերական ինքնաբավություն
Այս կլաստերը կազմում է երկրի տնտեսական և ենթակառուցվածքային դիմադրողականության հիմքը։ Հիմնական նախագծեր՝
• ​Նոր ատոմակայան՝ երկարաժամկետ էներգետիկ կայունություն, տեխնոլոգիական արդյունաբերության հիմք, միջազգային համագործակցության նոր բանաձևեր (կոնսորցիումը, որի մասին ես արդեն գրել եմ)։
• ​Պղնձի ձուլման գործարան և մետաղական հումքի վերամշակող արդյունաբերության արդիականացում՝ հումքի արտահանումից անցում արդյունաբերական վերամշակման, արժեքային շղթաների ստեղծում, նոր աշխատատեղեր, նոր բնապահպանական լուծումներ։
• ​Գլոբալ տվյալների կենտրոններ՝ կայուն էներգիայի օգտագործում, թվային կենտրոնների ձևավորում, տեխնոլոգիական ներդրումների ներգրավում։
• ​Ռադիոդեղագործական և միջուկային բժշկության կենտրոն՝ նոր բժշկական արդյունաբերության ստեղծում, բժշկական ծառայությունների արտահանում, երկրում ախտորոշման և բուժման որակի բարելավում։
• ​Արտադրական ենթակառուցվածքների արդիականացում (էլեկտրական բաշխիչ ցանցեր, ջրամատակարարում և ջրահեռացում, կապ)՝ երկրի տնտեսական համակարգի կենսակայունության ապահովում։

2. Տրանսպորտ և կապ
Երկրորդ կլաստերը տնտեսական դինամիզմի և միջազգային մանևրելու հիմքն է։ Ռազմավարական արդյունք. Հայաստանը դառնում է ժամանակակից Պարսից ծոց-Սև ծով միջանցք։
• ​Հյուսիս-Հարավ մայրուղի (ավարտ). արագընթաց կապ Իրանի և Վրաստանի հետ, երկրի ներսում շրջանների լոգիստիկ ինտեգրում։
• ​Նոր երկաթուղիներ. Իրան-Հայաստան, Շիրակ-Վանաձոր-Իջևան, հին երթուղիների վերականգնում և վերակառուցում. Կարս-Գյումրի, Երևան-Երասխ-Ջուլֆա, Երևան-Իջևան-սահման։
• ​Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց – նոր գազատարներ, ջրատարներ, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետային մալուխներ, թունելներ և ճանապարհներ, տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն։
• ​Զվարթնոց օդանավակայանի ընդլայնում. օդանավակայանը դառնում է տարածաշրջանային հանգույց Եվրոպայից Ասիա օդային փոխադրումների համար։
• ​Երևան – օդանավակայան - Զվարթնոցի տաճար - Վաղարշապատ նոր արագընթաց երկաթուղային գիծ. ագլոմերացիոն կապ, քաղաքային ճանապարհների գերբեռնվածության նվազեցում, նոր հանրային տարածքների արդիականացում։։

3. Համաչափ զարգացում
Կլաստերը նպատակ ունի թեթևացնել Երևանի գերբեռնվածությունը, զարգացնել շրջանները և բարելավել քաղաքային միջավայրի որակը։ Այս կլաստերը ամրապնդում է երկրի ներքին ինքնությունը և բարձրացնում նրա միջազգային կերպարը, որպես հին մշակույթի և ժամանակակից քաղաքակրթության կերպարը։
• ​Պետական ​​հաստատությունների տեղափոխում այլ քաղաքներ. պետական ​​կամպուսների ստեղծում. բաշխված կառավարման համակարգ։
• ​Երևանի մետրոյի նոր գծեր՝ Աջափնյակ, Ավան, Հարավարևմտյան թաղամաս։ Վերջին կետը կարող է դառնալ քաղաքից դեպի Էջմիածին օդանավակայան տանող արագընթաց երկաթուղու մաս։
• ​Դիլիջանի զարգացում. կրթական և մշակութային կենտրոն. նոր զբոսաշրջային և բնապահպանական լուծումներ։
• ​Ուրարտու-Էրեբունի նոր համալիրը Երևանում. ժամանակակից հնագիտություն և թանգարանային արվեստ, կրթական ծրագրեր։
• ​Անիի պատմամշակութային կլաստեր (հնարավոր է համատեղ հայ-թուրքական). դիտակետեր. թանգարանային կենտրոն. պատմական համալիրների և երթուղիների վերականգնում։
• ​Կասկադի ավարտը գագաթնակետին է հասցնում Երևանի ժամանակակից ճարտարապետության, քանդակագործության և մշակութային նվաճումները։
• ​Հատիս հուշարձանային համալիր (Քրիստոսի հուշարձան). նոր զբոսաշրջային և մշակութային վայր։

4. Էկոլոգիա և կյանքի բարձր որակ
Հիմնական կլաստեր, որն անմիջականորեն ազդում է բնակչության առողջության, երկրի գրավչության և կայունության վրա, որը ապահովում է էկոլոգիապես կայուն կյանքի որակ։
• ​ «Կանաչ Հայաստան 2035» ծրագիր. վտանգավոր արդյունաբերությունների վերակառուցում, արտանետումների կրճատում, կլիմայական նախաձեռնություններ Երևանի համար։
• ​Սևանա լճի պաշտպանություն և վերականգնում. վտակների մաքրում, ջրի մակարդակի մոնիթորինգ, շրջակա միջավայրի ենթակառուցվածքների զարգացում։
• ​Ջրային համակարգերի արդիականացում. նոր ջրամբարներ և մաքրման կայաններ, ոռոգում, ջրային անվտանգության պաշտպանություն։
• ​Երևանի և արվարձանների թափոնների վերամշակման համալիրի կառուցում. ժամանակակից աղբավայր, տեսակավորում, վերամշակում։
Այս կլաստերներում հատուկ անհրաժեշտ է ընգծել երկու նախագիծ։ Առաջինը «Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց»-ը, երկրորդը՝ «Հատիս»-ը (Քրիստոսի նոր հուշարձան)։

Ա. «Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց» նախագիծը առաջարկվում է բոլոր «զանգեզուրյան» տարբերակումների փոխարեն։

1.​Նախագծի ինքնիշխան բնույթը։ «Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց» նախագիծն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, որը ներառում է Սյունիքի մարզը։ Այն պետք է ամրագրվի որպես պետական ռազմավարական ծրագիր, ոչ թե որպես պարտադրված «միջանցքային» տարբերակ։ Այս նախագիծը նախ և առաջ հայկական նախաձեռնություն է՝ ձևավորվող հայաստանյան շահերի հիման վրա։

2.​Հյուսիս–Հարավ առանցքը որպես ռազմավարական ընտրություն։ Ծրագիրը պետք է կառուցված լինի Հյուսիս–Հարավ միջանցքի զարգացման շուրջ, որը Հայաստանի համար ապահովում է երկարաժամկետ կայուն տնտեսական և աշխարհատնտեսական օգուտներ։ Արևելք–Արևմուտք ուղղությունները պետք է դիտարկվեն որպես լրացուցիչ, երկրորդային հնարավորություններ։ TRIPP նախաձեռնությունը հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկվի՝ ունենալով առաջնահերթ տնտեսական նշանակություն Հայաստանի համար։

3.​Ենթակառուցվածքների համակցված զարգացումը։ Նախագիծը չի սահմանափակվում ճանապարհներով ու երկաթուղիներով։ Այն ներառում է
· ​գազատարներ,
· ​նավթատարներ,
· ​էլեկտրահաղորդման գծեր,
· ​թվային և հեռահաղորդակցական ենթակառուցվածքներ։
Հայաստանը պետք է հայտարարի իր պատրաստակամությունը դառնալու կասպյան ռեսուրսների (թուրքմենական, իրանական գազի) տարանցման երկիր։ Եթե տարածաշրջանի այլ երկրներ կարող են ստանալ եկամուտ այս գործընթացներից, Հայաստանը նույնպես պետք է ունենա այդ հնարավորությունները։
Հայաստան–Իրան ջրատարները կարող են դառնալ նախագծի նոր բաղադրիչ՝ ստեղծելով համագործակցության լրացուցիչ առանցք։

4.​Աշխարհատնտեսական ներուժ։ Սյունիքը կարող է դառնալ այն տարածքը, որտեղ հատվում են BRICS+, ԵԱՏՄ, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և արաբական աշխարհի տնտեսական և ներդրումային շահերը։ Սա ոչ միայն տրանսպորտային ծրագիր է, այլ միջպետական հաղորդակցությունների հարթակ, երկարաժամկետ համագործակցության միջավայրը։ Նախագիծը կզարգացնի նաև Հայաստան–Վրաստան հարաբերությունների նոր որակը։

5.​Ազգային անվտանգության առանցքային սյուն։ «Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույցը» մերժում է «միջանցքային» սպառնալիքներով կառուցված մոդելները և փաստացի ուժեղացնում է Հայաստանի ազգային անվտանգությունը։ Նախագիծը ստեղծում է նոր աշխարհաքաղաքական հավասարակշռություններ՝ ներգրավելով հիմնական գործընկերների ներդրումները։ Նախագիծը ամրապնդում է ռազմավարական ուղերձը, որ Հայաստան–Իրան սահմանը անսակարկելի անվտանգային և ինքնիշխան տարածք է։

Բ. «Հատիս» նախագծի վերաբերյալ դիտարկումներ
«Հատիս» նախագիծը մեգանախագծերի շարքում առանձնահատուկ տեղ ունի՝ համատեղելով քաղաքակրթական, հասարակական և տնտեսական նշանակություն։ Նրա գաղափարաբանությունը, հիմնված «ճանաչում, վերածնունդ, հպարտություն» երեք առանցքային ուղերձների վրա, արդեն դարձել է միավորող ուժ հասարակության տարբեր շերտերի համար։ Սա հազվագյուտ նախաձեռնություն է, որտեղ խորհրդանշական մոտիվացիան վերածվում է իրական հասարակական էներգիայի ու գործնական ներուժի։
Նոր հուշարձանային համալիրի ստեղծմանը մասնակցությունը վերածվում է սոցիալական ստեղծագործականության և նախաձեռնողականության ձևի՝ ներգրավելով անհատների, համայնքների, կազմակերպությունների և բիզնեսի լայն շրջանակ։ Նախագիծը առաջացնում է սոցիալական մոբիլիզացիայի նոր ձև — կառուցված ոչ թե հակադրության, այլ համատեղ ստեղծագործության վրա։
«Հատիսը» կարող է դառնալ նաև պետական–մասնավոր գործընկերության հաջողված օրինակ, ստեղծելով տնտեսապես և սոցիալապես բազմապատկիչ ազդեցություն։ Պետության դերը նման նախագծերում ոչ այնքան ֆինանսավորումն է, որքան անհրաժեշտ պայմանների ապահովումը, վարչական խոչընդոտների վերացումը և միջավայրի ստեղծումը, որտեղ նախաձեռնությունը կարող է զարգանալ։
Այսպիսով, «Հատիս» նախագիծը շատ ավելին է, քան պարզապես նոր հուշարձանային համալիր։ Այն կարող է դառնալ ազգային ինքնության, սոցիալական համախմբման և տարածաշրջանային զարգացման նոր կենտրոն, որը կծառայի հազարավոր մարդկանց, ընտանիքների, համայնքների և Հայաստանի պետության բարեկեցությանը։

5․ Հանրային նշանակության ծրագրեր
Ցանկանում եմ հատուկ ընդգծել այսպես կոչված մեգանախագծերի հանրային կլաստերը։ Այս կլաստերում ներկայացվածները նույնպես մեգանախագծեր են, քանի որ դրանք մասշտաբային են իրենց բացառիկ նշանակությամբ, պատմական կանխորոշվածությամբ և միավորող կարևորությամբ։ Սրանք նախագծեր են, որոնք պետք է արտահայտեն երկրի զարգացման ներքին տրամաբանությունը առաջիկա տասնամյակների համար և լինեն լայն ազգային կոնսենսուսի արդյունք՝ անկախ աշխարհաքաղաքական կողմնորոշումներից կամ քաղաքական նախասիրություններից։ Դրանք ուղղված են ժողովրդագրական համակարգի ամրապնդմանը, նոր ուժեղ սերնդի ձևավորմանը, կրթության արդիականացմանը, վարչարարության արդյունավետության բարձրացմանը, սփյուռքի ինտեգրմանը, ազգային զարգացմանը և ստեղծելու են երկրի երկարաժամկետ սոցիալ-քաղաքական կայունության և առողջացման հիմքերը։ Դրանց թվում են՝
1. «Ամուր հայկական ընտանիք» մեգանախագիծը ազգային ժողովրդագրական կայունության ծրագիր է, որը նպատակ ունի աջակցել ընտանիքներին, խթանել ծնելիությունը և ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք երեք և ավելի երեխաների դաստիարակությունը կդարձնեն մատչելի, անվտանգ և սոցիալապես գրավիչ։ Նախագծի ռազմավարական ազդեցություն. ժողովրդագրական կայունության ամրապնդում, բնակչության աճ, ընտանիքների կյանքի որակի բարելավում և երկրի սոցիալական կառուցվածքի երկարաժամկետ կայունացում։
2. «Հայկական համալսարանները աշխարհի լավագույն 1000-ի մեջ» մեգանախագիծը ազգային կրթական գերնպատակ է, որն ուղղված է բարձրագույն կրթության արդիականացմանը, հետազոտական ​​կենտրոնների զարգացմանը և նոր սերնդի համալսարանների ստեղծմանը, որոնք կարող են մտնել հեղինակավոր միջազգային վարկանիշային աղյուսակներ։ Նախագծի ռազմավարական ազդեցություն. կրթության որակի բարելավում, գիտական ​​էլիտայի զարգացում և գիտելիքների ու տեխնոլոգիաների համազգային ներուժի մեծացում։
3. «Առողջ երիտասարդություն» մեգանախագիծը ծրագիր է, որը նպատակ ունի ստեղծել բարձր մակարդակի ֆիզիկական և հոգեկան առողջություն ունեցող սերունդ, սպորտի նոր մշակույթ և վնասակար սովորությունների կանխարգելում։ Ծրագրի բաղադրիչներ՝
• ​քաղաքներում և գյուղերում սպորտային ենթակառուցվածքների կառուցում և արդիականացում։
• ​դպրոցներում և համալսարաններում պարտադիր ֆիզիկական ակտիվության չափորոշիչներ։
• ​ծխելու, ալկոհոլիզմի և թմրամոլության դեմ պայքարի ազգային ծրագիր։
• ​մասսայական սպորտային բաժիններ, ակումբներ և մրցաշարեր։
• ​սպորտային բժշկության և կանխարգելիչ ծրագրերի ինտեգրում։
• ​առողջության, սննդի և անվտանգության վերաբերյալ կրթական արշավներ։
Ռազմավարական ազդեցություն՝ երիտասարդների շրջանում հիվանդացության նվազում, կյանքի որակի բարելավում, ինչպես նաև կայուն առողջ սովորությունների զարգացում։
4. «Կոմպակտ և արդյունավետ պետական ​​կառավարում» մեգանախագիծը ինստիտուցիոնալ վերափոխման ծրագիր է, որի նպատակն է ստեղծել թվային, թափանցիկ և որակյալ ծառայությունների վրա կենտրոնացած պետություն, որը կարող է արագ արձագանքել քաղաքացիների և բիզնեսի կարիքներին, նվազեցնել կոռուպցիան և բարելավել պետական կառավարման որակը։ Ծրագրի ռազմավարական ազդեցություն՝ կոռուպցիայի նվազագույն մակարդակ, պետության նկատմամբ վստահության բարձրացում, ծառայությունների արագացում, ներդրումային միջավայրի և կառավարման արդյունավետության բարելավում։
5. «Մեծ հայկական վերադարձ» մեգանախագիծը համազգային համակարգային հայրենադարձության և վերաբնակեցման ծրագիր է, որի նպատակն է Հայաստանը դարձնել գրավիչ վայր վերադարձող հայրենակիցների համար՝ ներգրավելով նրանց կապիտալը, փորձը և մարդկային ռեսուրսները։ Նախագծի ռազմավարական ազդեցություն՝ բնակչության աճ, որակյալ մարդկային կապիտալի ներհոսք, Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդում և ազգային դիմադրողականության ամրապնդում։

III. Մեգանախագծերի արդյունավետ նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ պայմանները
Մեգանախագծերը վկայությունն են, որ պետությունը կարող է ռազմավարական մտածել և աշխատել երկարաժամկետ հեռանկարով։ Դրանց իրականացումը բարելավում է վարկային վարկանիշները, նվազեցնում է ներգրավվող միջոցների արժեքը, ընդլայնում է արտասահմանյան ներդրումների հասանելիությունը և ամրապնդում արտասահմանյան ներդրողների վստահությունը։ Սակայն նախագծերի հաջողության համար անհրաժեշտ է համակարգային նախադրյալների մի շարք, որոնք ստեղծում են հուսալի միջավայր երկարաժամկետ պլանավորման, ֆինանսավորման և իրականացման համար։
1. Պետական ​​պարտքի արդյունավետ կառավարում։ Հայաստանի համար պետական ​​պարտքը զարգացման գործիք է, այլ ոչ թե բեռ։ Հարցը ոչ թե պարտքից խուսափելն է, այլ այն, թե ինչպես օգտագործել այն։ Երկիրը պետք է անցնի այնպիսի մոդելի, որտեղ պարտքային ռեսուրսները ուղղորդվում են բացառապես կապիտալ ակտիվների ստեղծմանը։ Այսօր պետական ​​պարտքի մեծ մասը դեռևս օգտագործվում է բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար, ինչը երկարաժամկետ արժեք չի ստեղծում։ Մեգանախագծերը պահանջում են այլ փիլիսոփայություն. պարտքը պետք է վերածվի զարգացման և կայունության, այլ ոչ թե անհետանա ընթացիկ ծախսերի մեջ։
2. Պետական-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ)։ Մեգանախագծերը չեն կարող իրականացվել միայն պետական ​​միջոցների հաշվին։ ՊՄԳ-ն մեծացնում է հասանելի ռեսուրսների ծավալը։ Անհրաժեշտ է ժամանակակից ՊՄԳ մոդել, որը կգրավի մասնավոր, սփյուռքի և միջազգային կապիտալ։ Սա պահանջում է.
• ​պետության և ներդրողի միջև ռիսկերի բաշխման հստակ կանոններ,
• ​նախագծերի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման գործում պետության հանձնառու մասնակցություն,
• ​բաց կոնցեսիոն և թափանցիկ մրցույթներ,
• ​պայմանների ստեղծում, որտեղ մասնավոր բիզնեսները կտեսնեն կանխատեսելիություն և երաշխիքներ։
3. Օրենքի գերակայություն և սեփականության իրավունքների պաշտպանություն։ Սա այն հիմքն է, առանց որի նույնիսկ ամենագրավիչ նախագծերը կձախողվեն։ Առանց սեփականության և պարտավորությունների պաշտպանության, մեգանախագծերը պարզապես չեն սկսվի։ Ներդրողները, լինեն հայ թե օտարերկրյա, գործում են միայն իրավական կանխատեսելիության պայմաններում։ Անհրաժեշտ են.
• ​անկախ դատարաններ,
• ​նախագծի իրականացման ողջ ժամանակահատվածում պայմանների անփոփոխություն ՝ 10, 15 և նույնիսկ 20 տարի,
• ​բոլոր ներդրողների համար հավասար կանոններ՝ անկախ նրանց ծագումից կամ քաղաքական համատեքստից։
4. Մրցակցային և բաց բիզնես միջավայր։ Մրցակցությունը նվազեցնում է նախագծերի ծախսերը և բարելավում ենթակառուցվածքների որակը։ Որպեսզի խոշորածավալ նախագծերը լինեն բարձրորակ և ծախսարդյունավետ, անհրաժեշտ է իրական մրցակցություն.
• ​պետության դուրսբերում բոլոր մասնավոր կազմակերպություններից
• ​արդար պետական վարչարարություն՝ հարկային և մաքսային ոլորտներում
• ​բաց մրցույթներ և հստակ գնումների ընթացակարգեր
• ​ժամանակակից հակամենաշնորհային քաղաքականություն
• ​միջազգային ընկերությունների մուտք, որոնք կարող են ներդնել տեխնոլոգիաներ և ստանդարտներ
5. Մասնագիտական ​​անձնակազմ և բարձրորակ կառավարում: Մեգանախագծերը պահանջում են ոչ միայն գումար, այլև մարդկային կարողություններ: Անհրաժեշտ են նպատակային մասնագիտական​​վերապատրաստման ծրագրեր, սփյուռքի ներուժի օգտագործում, միջազգային մասնագետների ներգրավում և առաջատար ինժեներական ընկերությունների հետ համագործակցություն: Հայաստանին անհրաժեշտ են.
• նոր ինժեներներ, ճարտարապետներ և դիզայներներ
• ենթակառուցվածքների ֆինանսավորման մասնագետներ
• մասնագիտական​​նախագծերի ղեկավարներ
• պետական ​​կառավարման համակարգում կադրերի քանակական և որակական ամրապնդում:

IV. Եզրափակում
Մեգանախագծերը կարող են կառուցել դիմադրողականություն, ստեղծել նոր տնտեսական մասշտաբ, ամրապնդել երկրի դիրքերը և բացել ապագա զարգացման ուղիներ: Դրանք դառնում են նոր դիվանագիտության, ներդրումների և ազգային ինքնագնահատականի հիմք: Իրատեսական մոտեցումը, նախաձեռնողականությունը, ներդրումային կարգապահությունը և քաղաքական կամքն ու պատասխանատվությունը՝ մեգանախագծերը գաղափարների հավաքածուից վերածում են շոշափելի փոփոխությունների, որոնք կվերափոխեն նաև Հայաստանը առաջիկա տասնամյակների ընթացքում։

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank