Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սեւակի արձանը, թե ոչ. Բանաստեղծի թոռը՝ քննադատությունների մասին
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սեւակի արձանը, թե ոչ։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հայտնի բանաստեղծը թոռը՝ Սեւակ Ղազարյանը, որը նաեւ բանաստեղծի տուն–թանգարանի տնօրենն է։
Նշենք, որ համացանցում երկու օր է՝ ակտիվ քննադատվում է Զանգակատուն գյուղի դպրոցի բակում տեղադրված Սեւակի արձանը, որի հեղինակը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն է։
«Նախ պետք է ֆիքսել, որ Լեւոն Թոքմաջյանի նվերն է սա, այսինքն պետական պատվեր չէ, համայնքը չի ֆինանսավորել, պարոն Թոքմաջյանն առաջարկել է նվեր անել համայնքին, որն ընդունվել է։ Երկրորդ, անընդունելի է համայնքի բնակիչների, մասնավորապես երեխաների թիրախավորումը սոցիալական հարթակներում։ «Ֆեյսբուքում» բազմաթիվ գրառումների եմ հանդիպել, ուր վիրավորում են գյուղի բնակիչներին ու դպրոցի աշակերտներին։ Սա բացարձակապես անընդունելի է։ Ինչ վերաբերում է արձանի մնալ–չմնալուն, դա համայնքի որոշելիքն է, ես վաղը կլինեմ գյուղում, եւս մեկ անգամ կհանդիպեմ բնակիչներին, կլսեմ նրանց կարծիքը, որից հետո միասին կորոշենք»,– ասաց Սեւակ Ղազարյանը։
Նշենք, որ համացանցում բուռն քննարկվում է արձանի արտաքին տեսքը։ Օրինակ քաղաքացիներից Գեւորգ Բարսեղյանը գրել է. «Ախուրյանցի Անոյի համար արձան են տեղադրել, բայց պոլիտկոռեկտությունից ելնելով կոչել են Պարույր Սևակի անունով»։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Հայտարարում եմ, որ «Պարույր Սևակի արձան» անվանումը ստացած քարի կտորը խախտել է իմ անդորրը։ Ուստի կոչ եմ անում այն հասարակական վայրում տեղադրելու ցուցում / հանձնարարություն տված պաշտոնատար անձի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում «խուլիգանության» հոդվածով»։
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրել է. «Իհարկե կարելի է չսիրել Պարույր Սեւակին, բայց այս կերպ ծաղրելը ու նվաստացնելը հաստատապես անթույլատրելի ա...»։
Քանդակի հեղինակ Լեւոն Թոքմաջյանը հայտարարել է, որ սա համարում է իր լավագույն գործը։
Հետևեք մեզ՝ այստեղ



