«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել իր անդամների ձերբակալությունների վերաբերյալ
POLITICSՀայրենիք կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վերջին օրերին կուսակցության անդամների նկատմամբ իրականացվող գործողություններին։ Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում տիրող իրավական ամենաթողությունը «վաղուց հատել է բոլոր կարմիր գծերը»։
Կուսակցության գնահատմամբ՝ կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի, ինչպես նաև Վաղարշապատում կուսակցության պատասխանատու, ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի երկրորդ համարում ներկայացված Արամ Քոչարյանի ձերբակալությունն ու ապօրինի կալանավորումը իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների հերթական դրսևորումն են։
Հայտարարությունում ընդգծվում է, որ ընտրված թիրախները և գործողությունների հաջորդականությունը վկայում են մի կողմից արտաքին քաղաքական թելադրանքի, մյուս կողմից՝ լեգիտիմության խոր ճգնաժամի մեջ հայտնված իշխանության վախերի մասին։ Կուսակցության համոզմամբ՝ տեղի ունեցողը «իշխանության հոգեվարքի ակնառու նշան» է։
«Հայրենիք» կուսակցությունը նաև նշում է, որ բռնաճնշումների այս ալիքը հաջորդել է կուսակցության ղեկավար մարմնի անդամների, մասնավորապես՝ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի վերջին օրերին իշխանությունների հասցեին հնչեցրած խիստ քննադատական հայտարարություններին։
Ըստ հայտարարության՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ֆոնին իշխանությունը, կորցնելով հանրային վստահությունը, փորձում է այն փոխարինել վախի մթնոլորտով՝ լռեցնելով այլախոհությունը։ Կուսակցությունը զորակցություն է հայտնում ձերբակալվածներին, մյուս քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքներին՝ վստահեցնելով, որ շարունակելու է պայքարը նրանց ազատության համար։
Հայտարարության վերջում նշվում է, որ գործընթացների բոլոր պատասխանատուները՝ պատվիրատուներից մինչև իրականացնող օղակները, ապագայում պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ։



