Առցանց «վճարվող առաջադրանքները» կարող են լուրջ ռիսկեր պարունակել. Ոստիկանություն
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին շրջանում տարածում են ստանում տարբեր առցանց հարթակներ և բջջային հավելվածներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են վճարվող փոքր առաջադրանքներ՝ լուսանկարել որոշ վայրեր, օբյեկտներ, տեղանքներ, փողոցներ կամ պատասխանել կասկածելի հարցումների։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
«Թեև նման առաջադրանքները հաճախ ներկայացվում են որպես «անվնաս» կամ «հետազոտական», անհրաժեշտ է գիտակցել, որ դրանց մի մասը իրականում պարունակում են լուրջ ռիսկեր, այդ թվում՝
պետական կամ ռազմավարական նշանակության օբյեկտների լուսանկարահանում․
ենթակառուցվածքների, անվտանգության համակարգերի կամ տեղակայման տվյալների հավաքում․
անձանց, մեքենաների կամ մասնավոր տարածքների պատահական ֆիքսում։
Շատ դեպքերում առաջադրանք կատարող անձը չգիտի, թե ով է իրական նախաձեռնողը, ինչ նպատակով են հավաքվում տվյալները, և ինչպես են դրանք հետագայում օգտագործվելու։
Խորհուրդ է տրվում․
• չկատարել առաջադրանքներ, որոնք կապված են լուսանկարահանման կամ տվյալների հավաքման հետ, եթե դրանց նպատակը հստակ չէ կամ առաջացնում է կասկած․
• չլուսանկարել պետական, ռազմական, իրավապահ մարմինների կամ ռազմավարական նշանակության ցանկացած այլ ենթակառուցվածք։
Թույլ մի՛ տվեք, որ չնչին վարձատրությունը Ձեզ ներքաշի կասկածելի գործընթացների մեջ:
Եղե՛ք զգոն և պատասխանատու: Ձեր և պետության անվտանգությունը վեր է ամեն ինչից»,- ասված է Ոստիկանության հաղորդագրությունում:



