«Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ Հակոբյան
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ես միշտ ասել եմ, որ «Ֆուլլ Հաուս» նախագիծը բոլորիս համար եղել է «տրամպլին», ու շնորհակալ եմ, որ հնարավորություն եմ ունեցել լինել այդ նախագծի մի մասնիկը, եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուսը», չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ»,-Tert.am Life-ին ասաց Գոռ Հակոբյանն՝ անդրադառնալով հունվարի 29-ից էկրաններ բարձրացող «Ֆուլ Հաուս. Վայրէջք» ֆիլմին:
Ըստ Գոռի՝ ֆիլմի ձևաչափով վերադարձն իրեն շատ է ոգևորել, թեպետ չէր կանխատեսում, որ սիթքոմը կունենա շարունակություն. «Նախագծի շարունակության վերաբերյալ բոլոր խոսակցությունները միշտ ավարտվում էին «չէ»-ով, բայց Մենչը (Արմեն Պետրոսյանը) ճիշտ ժամանակին կայացրեց ճիշտ որոշում և կարողացավ աշխարհի տարբեր ծայրերում ապրող և տարբեր այլ գործերով զբաղվող մարդկանց ևս մեկ անգամ հավաքել նույն գաղափարի շուրջ:
Մի խոսքով՝ շատ ուրախ եմ, հատկապես, երբ իմացա, որ նույն կազմով ենք նկարահանվելու, որովհետև նախ կար կարոտ բոլորի նկատմամբ և կար կարոտ «Ֆուլ հաուսի» նկատմամբ: Տարիները չեն կարող անհետանալ, որովհետև մենք չենք եղել զուտ դերասանական կազմ՝ մենք կյանք ենք ապրել իրար հետ և սիթքոմի հաջողության գրավականներից մեկն էլ դա էր»:

Ըստ Գոռի՝ ֆիլմի նկարահանումները տարբերվում էին իրենց ձևաչափով. «Սիթքոմը լրիվ այլ տրամաբանության մեջ է նկարահանվում, նույն տաղավարում ես, նույն խաղի մեջ, նույն մարդիկ, նույն լույսը, նույն գույնը՝ այս ամենը քեզ որպես դերասան չի թողնում «ընդլայնվել», իսկ գեղարվեստական ֆիլմն ուրիշ աշխարհ է՝ ֆիլմում աշխատում ես բոլորովին այլ տեսակով ներկայացնել քո կերպարը, որովհետև սցենարն ուրիշ է, մասշտաբն ուրիշ է, դու ուրիշ ես ու նաև տարիներ են անցել: Մեր ֆիլմում կարող եմ ասել, որ միայն կազմն է նույնը, մնացածը գլոբալ տարբերվում է սիթքոմից»:

Դերասանի խոսքով՝ այս «ուրիշ» ֆիլմի արդյունքից գոհ է. «Ֆիլմը բացի նրանից, որ շատ զվարճալի է, նաև իսկապես զգացմունքային է, հատկապես կարող եմ խոսել իմ կերպարի մասին, ով տարիներ անց կրկին հանդիպում է Տաթևին և բոլոր զգացմունքներն ու սերը վերածնվում են Ֆելոյի մեջ: Մի խոսքով, վստահեցնում եմ, որ «Ֆուլ Հաուսի» բոլոր սիրահարները այս ֆիլմում կգտնեն այն ամենը, ինչ նայել ու սիրել են այսքան տարիներ»,-եզրափակեց դերասանը:

Հիշեցնենք, որ ֆիլմում նկարահանվել են Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Աղաս Մանուկյանը, Մարջան Ավետիտյան, Մոսո Կարապետյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը և այլք: Պրոդյուսեր՝ Արմեն Պետրոսյան, սցենարի հեղինակներ՝ Գրիգոր Դանիելյան, Գարիկ Սեփխանյան, ռեժիսոր՝ Կարեն Ամյան:

Հետևեք մեզ՝ այստեղ



