Շատերի համար Օրբիթն ու Դիրոլը դարձել են առօրյայի մաս․ ծամում են ավտոբուսում, դասի կամ աշխատանքի ժամանակ՝ վստահ լինելով, որ «առանց շաքարի» ծամոնն անվնաս է։ Սակայն մասնագետները զգուշացնում են՝ այս սովորությունը կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ տալ։
Orbit և Dirol ծամոնները հիմնականում պարունակում են արհեստական քաղցրացուցիչներ՝ ասպարտամ, սորբիտոլ, քսիլիտոլ, որոնք հաճախակի օգտագործման դեպքում կարող են առաջացնել աղեստամոքսային խանգարումներ, փքվածություն, գլխացավեր և ընդհանուր անհարմարություն։ Հատկապես զգայուն են երեխաներն ու դեռահասները։
Ծամելու ընթացքում օրգանիզմը «խաբվում» է՝ կարծելով, թե սնունդ է ընդունվում։ Արդյունքում ստամոքսում սկսում է ակտիվորեն արտադրվել ստամոքսահյութ, որը սննդի բացակայության դեպքում կարող է գրգռել լորձաթաղանթը և ժամանակի ընթացքում նպաստել գաստրիտի կամ այրոցի զարգացմանը։
Չնայած գովազդներում նշվում է, որ այս ծամոնները օգտակար են ատամների համար, իրականում դրանց մեջ առկա թթվայնացնող և համային հավելումները կարող են աստիճանաբար վնասել ատամների էմալը։ Բացի այդ, երկարատև ու հաճախակի ծամելը ծանրաբեռնում է ծնոտի հոդերը, ինչի հետևանքով կարող են առաջանալ ցավեր և լարվածություն։
Շատերի մոտ ծամոնը վերածվում է նյարդային սովորության․ մարդը սկսում է ծամել ոչ թե կարիքի, այլ լարվածությունը թուլացնելու կամ պարզապես ժամանակ անցկացնելու համար։ Սա կարող է հանգեցնել հոգեբանական կախվածության և կենտրոնացման խնդիրների։
Ի վերջո, Օրբիթն ու Դիրոլը չեն լուծում բերանի տհաճ հոտի իրական պատճառները, այլ միայն ժամանակավորապես ծածկում են այն։ Մասնագետները խորհուրդ են տալիս չչարաշահել ծամոնները և նախընտրել բնական ու անվտանգ միջոցներ՝ ջուր խմել, պահպանել բերանի խնամքը և ժամանակին բուժել ատամնաբուժական խնդիրները։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը