Վաղը նշվելու է Բուն Բարեկենդանը. ինչպե՞ս նշել տոնը
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 15-ին կտոնի Բուն Բարեկենդանը, որին էլ կհաջորդի քառասնօրյա Մեծ պահքը։
«Բարեկենդան» բառը բառացիորեն նշանակում է «բարի կենդանություն», ուրախություն և երջանկություն։ Այն հիշեցում է դրախտային կյանքի մասին, երբ Ադամն ու Եվան վայելում էին Աստծու պարգևած խաղաղությունն ու լիությունը։
Շաբաթապահքերի և Մեծ պահքին նախորդող օրերը կոչվում են Բարեկենդան։ Սակայն Մեծ պահքի նախօրեի Բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ այն նախորդում է տարվա ամենաերկար և ամենախորհրդավոր պահքին։ Մեծ պահքը տևում է 48 օր և ավարտվում է Սուրբ Հարության տոնով՝ Զատիկով։
Բուն Բարեկենդանը նշվում է կիրակի օրը։ Այդ օրը թույլատրելի են չափավոր ուրախությունները, խաղերն ու հյուրասիրությունները։ Այն խորհրդանշում է դրախտային ազատությունն ու լիությունը, երբ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է։
Բարեկենդանը յուրատեսակ անցում է սգից դեպի ուրախություն, առօրյա հոգսերից՝ դեպի հոգևոր վերանորոգում։ Այս գիտակցությամբ յուրաքանչյուր քրիստոնյա խոնարհությամբ, ապաշխարությամբ և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը։
Պահքի ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ։ Սակայն Եկեղեցին հիշեցնում է՝ պահքը միայն սննդային սահմանափակում չէ։ Այն նաև ներքին մաքրագործում է հրաժարում մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից։ Սննդից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է։
Բուն Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը, երեկոյան ժամերգության ընթացքում, եկեղեցու խորանը փակվում է վարագույրով և այդպես մնում մինչև Քրիստոսի Հարության օրը։ Բուն Բարեկենդանի Պատարագը մատուցվում է փակ վարագույրի ետևում։
Նույն օրը երեկոյան ավարտվում է Բարեկենդանի տոնախմբությունը, իսկ հաջորդ օրը սկսվում է Մեծ պահքի լուռ ու խորհին շրջանը։ Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը կատարվում է նաև նորապսակների օրհնության կարգ։
Բուն Բարեկենդանը ոչ միայն ուրախության օր է, այլև հոգևոր վերաիմաստավորման՝ հիշեցում, որ մարդը կոչված է վերադառնալու իր սկզբնական՝ աստվածային խաղաղությանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



