Թուրքիան եւ Իրանը որոշել են մեծացնել երկու երկրների առեւտրաշրջանառությունը
INTERNATIONAL NEWSԹուրքիայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիքդելին հայտարարել է, որ նախատեսում են երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը ներկայում եղած 23 մլրդ դոլարից հասցնել տարեկան մինչեւ 35 մլրդ դոլարի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, իրանցի դեսպանը հայտարարել է իր առաքելության ավարտին նվիրված Անկարայում հրավիրած մամուլի ասուլիսին` նշելով, որ երկու երկրների միջեւ մի շարք հարցերում համաձայնություն է ձեռք բերվել:
Նա հայտնել է, որ այդ շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի առաջին կիսամյակում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի Իրան կատարելիք այցի վերաբերյալ:
Ալիռեզա Բիքդելիի խոսքով` այս տարի Թուրքիա կայցելի նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին` Թուքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ համանախագահելու Իրան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության հանձնաժողովի 3-րդ նիստը:
Նախատեսվում է նաեւ Անկարայում անցկացնել երկու երկրների համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստ եւ Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների միության պատվիրակության այց Իրան:
Թերթը հայտնել է, որ Թեհրանը համաձայնել է կատարել միջազգային արբիտրաժային դատարանի կողմից Թուրքիայի օգտին կայացրած վճիռը, որով նախատեսվում է Թուրքիա մատակարարված գազի բարձր գնի պատճառով մոտ 1 մլրդ դոլար փոխհատուցել թուրքական կողմին` գազի լրացուցիչ ծավալի կամ գումարի տեսքով:



