ԵՄ-ն պահանջել է Թուրքիայից դադարեցնել հյուսիսային Սիրիայի ռմբակոծումը
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը պահանջել է պաշտոնական Անկարայից դադարեցնել Սիրիայի հյուսիսում քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) դիրքերի ռմբակոծումը: Վկայակոչելով Associated Press-ը, այս մասին խոսել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացո ւցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Ընդամենը մի քանի օր առաջ բոլորս, այդ թվում և Թուրքիան, մի սեղանի շուրջ նստած քայլ արեցինք լարվածությունը թուլացնելու և բռնությունը դադարեցնելու նպատակով»,- Թուրքիային ուղղված իր խոսքում նշել է Մոգերինին:
Թուրքիայի զինուժը փետրվարի 13-ին և 14-ին հարվածներ է հասցրել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) չորս դիրքերին: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պահանջել է PYD-ից դուրս բերել իրենց զորքերը թուրքական սահմանի հարակից շրջաններից:
Թուրքական կողմի այս հարձակումների քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ պետդեպարտամենտը: Interfax-ի փոխանցմամբ՝ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբիի կողմից տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքական զինված ուժերի կողմից քրդերի և Սիրիայի կառավարական ուժերի հրետանակոծումը հարուցել է ԱՄՆ-ի անհանգստությունը: «Մենք անհանգստացած ենք Հալեպից հյուսիս ընկած տարածքում առկա իրադրությամբ և մեր ջանքերն ենք գործադրում իրավիճակի լարվածությունը բոլոր կողմերից թուլացնելու նպատակով»,- ասել է Քիրբին՝ հորդորելով քրդերին ու թուրքերին կենտրոնացնել պայքարն ընդհանուր թշնամու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:



