Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը վերջին տարիներին շարունակում է մնալ բարդ և հակասական փուլում, որտեղ մակրոտնտեսական որոշ ցուցանիշներ կարող են հարաբերական կայունության կամ նույնիսկ աճի տպավորություն ստեղծել, սակայն առկա են համակարգային լուրջ ճգնաժամային միտումներ։ Իսկ եթե դրանք չլուծվեն, երկարաժամկետ հեռանկարում կարող է խաթարվել ոչ միայն ոլորտի արդյունավետությունը, այլ նաև երկրի պարենային անվտանգությունը և սոցիալ-տնտեսական կայունությունը։

Թեև 2025 թվականին արձանագրվել է գյուղատնտեսության շուրջ 5,6 % աճ, և բուսաբուծության ու անասնաբուծության որոշ ենթաճյուղերում նկատվել են դրական տեղաշարժեր, այդ աճը դեռևս չի կարող դիտարկվել որպես կայուն զարգացման ցուցանիշ, քանի որ այն չի ուղեկցվում արտադրողականության էական բարձրացմամբ և կառուցվածքային բարեփոխումներով։

Գյուղատնտեսության իրական պատկերը ավելի հստակ երևում է երկարաժամկետ դինամիկայի դիտարկման դեպքում, ըստ որի, վերջին ութ տարվա ընթացքում ոլորտը մոտ 10 % անկում է ապրել, ինչը վկայում է ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակման մասին։ Այսպիսի անկման պատճառները բազմաշերտ են և փոխկապակցված՝ սկսած բնական ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման խնդիրներից մինչև ֆինանսական, տեխնոլոգիական և ինստիտուցիոնալ սահմանափակումներ։

Առաջին և, թերևս, ամենահիմնական խնդիրը ջրային ռեսուրսների կառավարման անարդյունավետությունն է, որը հատկապես կարևոր է Հայաստանի նման երկրում, որտեղ, չնայած ջրային ռեսուրսների համեմատաբար բավարար մակարդակին, դրանց օգտագործումը մնում է ցածր արդյունավետության վրա։ Շատ տարօրինակ է, որ գյուղատնտեսության ոլորտը ժամանակ առ ժամանակ կանգնում է ոռոգման ջրի սակավության հիմնահարցի առաջ, ու այս խնդիրը փորձ է կատարվում լուծել Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակության ավելացման միջոցով, ինչի արդյունքում Հայաստանը կորցնում է իր քաղցրահամ ջրի ստրատեգիական պաշարը։ Մյուս կողմից էլ՝ ստացվում է, որ երկրում առկա է այնպիսի իրավիճակ, երբ գյուղատնտեսական հողերի զգալի մասը չի ոռոգվում, ինչը պայմանավորված է ոչ թե ռեսուրսների բացակայությամբ, այլ կառավարման և ենթակառուցվածքների խնդիրներով։ Սա հանգեցնում է արտադրողականության նվազմանը, բերքի անկայունությանը և ռիսկերի աճին՝ հատկապես կլիմայական փոփոխությունների պայմաններում, որոնք արդեն իսկ ազդում են գյուղատնտեսության վրա։

Երկրորդ կարևոր խնդիրը ֆինանսավորման սահմանափակ հասանելիությունն է, որը գյուղացիներին զրկում է անհրաժեշտ ներդրումներ իրականացնելու հնարավորությունից։ Վարկավորման համակարգը հաճախ կա՛մ թանկ է, կա՛մ դժվար հասանելի, իսկ ապահովագրական մեխանիզմները դեռևս ամբողջությամբ չեն գործում, թեև պետությունը փորձում է խթանել գյուղատնտեսական ապահովագրության համակարգը՝ սուբսիդավորելով ապահովագրավճարները։ Սակայն այս քայլերը դեռևս բավարար չեն՝ ռիսկերի կառավարման համապարփակ համակարգ ստեղծելու համար։

Տեխնոլոգիական հետամնացությունը ևս ոլորտի առանցքային խնդիրներից մեկն է։ Գյուղատնտեսական տեխնիկայի պակասը կամ դրա մաշվածությունը, արդիական տեխնոլոգիաների սահմանափակ կիրառումը և գիտելիքների պակասը հանգեցնում են ցածր արտադրողականության և բարձր ինքնարժեքի։

Այս համատեքստում հատկապես կարևոր է նշել, որ գյուղատնտեսության մեջ գիտելիքի և նորարարության ներմուծումը շարունակում է մնալ սահմանափակ, ինչի հետևանքով ոլորտը չի կարողանում անցնել ինտենսիվ զարգացման մոդելի։

Մեկ այլ լուրջ բարդություն է արտադրանքի իրացման և շուկաների հասանելիության սահմանափակությունը։ Գյուղացիները հաճախ բախվում են մթերման խնդիրների, ինչը նշանակում է, որ արտադրանքի և վերջնական սպառողի միջև կապը թերի է կամ անկայուն։ Սա ոչ միայն նվազեցնում է գյուղացիների եկամուտները, այլ նաև պայմաններ է ստեղծում արտադրողականության կրճատման համար։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ներմուծումների ծավալ ը գյուղմթերքի ոլորտում շարունակում է մնալ բարձր՝ կազմելով տարեկան մոտ 1,4 միլիարդ դոլար, որի զգալի մասը հնարավոր կլիներ արտադրել տեղում։ Սա վկայում է ներքին արտադրության չիրացված պոտենցիալի մասին։

Կլիմայական փոփոխությունները և դրանց ազդեցությունը գյուղատնտեսության վրա ևս գնալով դառնում են առանցքային գործոն։ Ջերմաստիճանի փոփոխությունը, տեղումների անկանխատեսելիությունը և ծայրահեղ եղանակային երևույթների աճը մեծացնում են ռիսկերը և պահանջում նոր մոտեցումներ՝ կլիմայակայուն գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ։ Սակայն այս ուղղությամբ անհրաժեշտ գիտելիքների և տեխնոլոգիաների պակասը սահմանափակում է ադապտացիոն հնարավորությունները։

Այս բոլոր խնդիրները փոխկապակցված են և ձևավորում են մի փակ շրջան, որտեղ ցածր արտադրողականությունը, սահմանափակ ներդրումները և շուկայի խնդիրները փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց և թուլացնում ոլորտը։ Արդյունքում գյուղատնտեսությունը հաճախ դառնում է ոչ թե շահութաբեր տնտեսական գործունեություն, այլ գոյատևման միջոց, ինչը խոչընդոտում է դրա զարգացմանը՝ որպես ռազմավարական ոլորտ։

Լուծումները, հետևաբար, պետք է լինեն համակարգային և երկարաժամկետ։ Առաջին հերթին՝ անհրաժեշտ է արմատապես վերափոխել ջրային ռեսուրսների կառավարումը՝ ներդնելով ժամանակակից ոռոգման համակարգեր՝ մասնավորապես կաթիլային ոռոգումը, և ապահովելով ջրի արդյունավետ օգտագործում։ Սա ոչ միայն կբարձրացնի արտադրողականությունը, այլ նաև կնվազեցնի ռիսկերը։ Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է զարգացնել ֆինանսական գործիքները՝ ապահովելով մատչելի վարկավորում և արդյունավետ ապահովագրական համակարգեր։ Պետական սուբսիդիաները կարող են կարևոր դեր խաղալ, սակայն առանցքային է նաև մասնավոր հատվածի ներգրավումը և ֆինանսական շուկաների զարգացումը։

Իսկ տեխնոլոգիական արդիականացումը պետք է դառնա առաջնահերթություն։ Սա ներառում է ինչպես ժամանակակից տեխնիկայի ներդրում, այնպես էլ թվային տեխնոլոգիաների կիրառություն՝ տվյալահեն գյուղատնտեսություն, մոնիթորինգի համակարգեր և ավտոմատացում։

Անհրաժեշտ է նաև բարելավել շուկաների հասանելիությունը և լոգիստիկ ենթակառուցվածքները։ Սա կարող է ներառել մթերման համակարգերի բարեփոխում, կոոպերացիաների զարգացում և արտահանման խթանում։ Մթերման տեսանկյունից մեծ դաշտ կարող է բացվել Հայաստանի առաջ, եթե ավանդական արտահանվող շուկաներին ավելանան նորերը, իսկ դրա համար հարկավոր է կոնկրետ քայլեր իրականացնել։

Շատ կարևոր է նաև, որ կրթությունը և գիտելիքի փոխանցումը դառնան ոլորտի զարգացման հիմք։ Սիրողական մոտեցումը չի կարող երկարաժամկետ առաջխաղացում ապահովել։ Գյուղատնտեսությունը այլևս չի կարող զարգանալ առանց գիտական մոտեցումների և նորարարության։

Վերջապես, կարևոր է ձևավորել հստակ ռազմավարական տեսլական, որը կկապի գյուղատնտեսական ոլորտը երկրի ընդհանուր տնտեսական զարգացման հետ։ Այս տեսանկյունից գյուղատնտեսությունը պետք է դիտարկվի ոչ միայն որպես ավանդական ոլորտ, այլ որպես տնտեսական աճի և սոցիալական կայունության առանցքային գործոն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank