ԵՄ-ն մի քանի խմբեր է գործուղելու Հայաստան
ECONOMICSԵվրամիությունն արդեն հայտարարել է, թե ապրիլի սկզբին փորձագետների 9-14 հոգանոց առաքելություն կուղարկի Հայաստան՝ օգնելու իշխանություններին դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին։ Եվրամիությունում համարում են, որ Հայաստանը բախվել է ինտենսիվ հիբրիդային գործողությունների, որոնց նպատակն է՝ «խաթարել ժողովրդավարական ինստիտուտները և հասարակության վստահությունը»։
Բրյուսելն այս գործողությունների մեջ թվարկել է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունը, կիբեռսպառնալիքներն ու ընտրական գործընթացների ապօրինի ֆինանսավորումը։ Առաքելությունը Հայաստանում 10-15 օր կանցկացնի, հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Անվտանգության խորհրդի գրասենյակի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ներքին գործերի նախարարության, ՊԵԿ-ի հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաքելությունն այսքանով չի ավարտվելու։
Մի քանի առանձին խմբեր էլ Հայաստան են ժամանելու Մոլդովայից և Լեհաստանից, որոնք ուղիղ կաշխատեն գործող իշխանության և «Քաղպայմանագրի» հետ՝ խորհրդատվական աջակցություն ցուցաբերելով։ Մի խումբ էլ ժամանելու է Հունգարիայից, որտեղ այս օրերին ընտրական քարոզարշավ է ընթանում, իսկ ապրիլի 12-ին կայանալու են խորհրդարանական ընտրությունները։ ԵՄ-ն Հունգարիայում փորձում է տապալել Վիկտոր Օրբանի կառավարությունը՝ իրեն ավելի լոյալ կուսակցության բերելով իշխանության։ Իսկ արդեն ապրիլի կեսերից այդ քարոզչական խմբերը տեղափոխվելու են Հայաստան՝ օգնելու Նիկոլ Փաշինյանին։
Աննա Մարգարյան



