Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է
POLITICS2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում ակտիվանում են համախմբման անհրաժեշտության մասին քննարկումները։ Մասնագետները միանշանակ գնահատում են՝ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական ուժերի միայնակ կամ մասնատված մասնակցությունը կարող է հանգեցնել ձայների փոշիացման, ինչը, ի վերջո, աշխատում է գործող իշխանության օգտին՝ ամրապնդելով նրա դիրքերը։
Այս ընտրություններում առանցքային նշանակություն ունի ընտրողների բարձր մասնակցությունը։ Մասնագետների համոզմամբ՝ հենց մասնակցության բարձր մակարդակն է այն գործոնը, որը կարող է խոչընդոտել գործող իշխանության վերարտադրմանը։
Նշվում է, որ ընդդիմության գլխավոր խնդիրը ոչ միայն ընտրություններին մասնակցելն է, այլև ընտրողներին մոբիլիզացնելը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ապահովել իրական մրցակցություն և նվազեցնել իշխանության վերարտադրման հավանականությունը։
Միևնույն ժամանակ, փոքր կուսակցությունների անկախ մասնակցությունը ստեղծված իրավիճակում կարող է հակառակ ազդեցություն ունենալ։ Փորձագետների գնահատմամբ՝ նման մասնակցությունը, հատկապես այս վճռորոշ փուլում, փաստացի կարող է ծառայել գործող իշխանության շահերին՝ մեծացնելով մասնատվածությունը և նպաստելով ձայների բաշխման ոչ արդյունավետ կառուցվածքին։
Այսպիսով, ավելի ու ավելի հնչող է դառնում այն թեզը, որ ընդդիմության համախմբումը կարող է դառնալ քաղաքական հավասարակշռությունը փոխելու գլխավոր գործոնը։ Դրա բացակայությունը, հակառակը, կարող է հանգեցնել գործող կառավարության դիրքերի պահպանմանը։ Փորձագետները հիշեցնում են նախորդ ընտրությունների փորձը՝ երբ բազմաթիվ ուժեր ստացան նվազագույն տոկոսներ, որոնք, ըստ էության, չվերածվեցին քաղաքական ազդեցության և գործնականում աշխատեցին իշխող ուժի օգտին։ Նույն սցենարի կրկնությունը, նրանց համոզմամբ, շարունակում է մնալ ամենամեծ վտանգներից մեկը՝ պայմանավորված գործող ընտրական համակարգի տրամաբանությամբ։



