Մինչև ե՞րբ պետք է քաղաքացին ապրի վախի և վերահսկման այս մթնոլորտում
POLITICSՄեզ հասել են խիստ մտահոգիչ տեղեկություններ առ այն, որ որոշ համայնքներում ՔՊ-ական գյուղապետերը և նրանց տեղակալները այցելում են մարդկանց տներ և սկսում հարցաքննության նմանվող խոսակցություններ՝ պարզելու, թե ում են պատրաստվում ընտրել քաղաքացիները։ Առավել ցնցողն այն է, որ այդ զրույցները իրականացվում են գաղտնի ձայնագրմամբ՝ առանց քաղաքացիների համաձայնության կամ նույնիսկ իրազեկման։
Սա արդեն ոչ թե վարչական ճնշում է, այլ՝ բացահայտ ներխուժում անձնական կյանքի մեջ և սահմանադրական իրավունքների կոպտագույն խախտում։
Սակայն դրանով ամեն ինչ չի ավարտվում։ Եթե քաղաքացին արտահայտում է ՔՊ-ին աջակցող դիրքորոշում, նա «անցնում է ստուգումը»։ Իսկ եթե ոչ՝ սկսվում է հաջորդ փուլը։ Ձայնագրությունները փոխանցվում են իրավապահ մարմիններին, և քաղաքացիները հայտնվում են վերահսկողության, ճնշումների կամ հետապնդումների թիրախում։
Սա այլևս չի կարելի անվանել պարզապես ընտրական գործընթաց։ Սա վերահսկման և վախի համակարգ է։ Միևնույն ժամանակ, իշխանությունները ամեն օր ցուցադրական կերպով հայտարարում են իբր ընտրակաշառքի դեմ պայքարի մասին՝ թիրախավորելով ընդդիմադիր շրջանակներին։ Սակայն այս ֆոնին ակնհայտ է դառնում իրական պատկերը․ իրավապահ համակարգը ոչ թե պաշտպանում է օրենքը, այլ ծառայեցնում է իր սեփական քաղաքական նպատակներին և աթոռի պահպանմանը։
Հարցը պարզ է և ուղիղ․ ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։ Եվ մինչև ե՞րբ պետք է քաղաքացին ապրի վախի և վերահսկման այս մթնոլորտում։



