Կառավարությունը հավանություն է տվել «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենսդրական փաթեթին՝ այն համարելով անհետաձգելի։ Past.am-ը տեղեկացավ, որ նախաձեռնության առանցքում կենսաչափական նոր համակարգի ներդրումն է և դրա համար անհրաժեշտ իրավական դաշտի ձևավորումը։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ներկայացմամբ՝ փոփոխությունների կարևոր բաղադրիչներից մեկը նույնականացման քարտի դերի էական ընդլայնումն է։ Մասնավորապես, առաջարկվում է 16 տարին լրացած քաղաքացիների համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր, իսկ կենսաչափական անձնագիր ստանալը հնարավոր կլինի միայն դրա առկայության դեպքում։
Նախագծով սահմանվում է նաև, որ 6-ից 16 տարեկանների համար նույնականացման քարտը կտրամադրվի կամավորության սկզբունքով, իսկ մինչև 6 տարեկանների դեպքում անձը հաստատող փաստաթուղթը կմնա ծննդյան վկայականը։
Past.am-ի տեղեկություններով, նախատեսվում է վերանայել նաև անձնագրերի կիրառության տրամաբանությունը․ դրանք հիմնականում կդիտարկվեն որպես ճամփորդական փաստաթուղթ, մինչդեռ ներպետական գործընթացներում նույնականացման հիմնական միջոցը լինելու է նույնականացման քարտը։ Իշխանությունները սա կապում են պետական ծառայությունների թվայնացման և առցանց համակարգերի զարգացման հետ։
Փոփոխությունները տարածվելու են նաև օտարերկրացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա․ նրանց համար ևս նախատեսվում է կենսաչափական տվյալներով փաստաթղթերի ներդրում։
Օրենսդրական փաթեթը կարգավորում է նաև պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափը։ Նշվում է, որ մասնավոր հատվածը ներգրավված կլինի միայն ծառայությունների մատուցման գործընթացում և չի իրականացնի վարչարարական գործառույթներ կամ որոշումների ընդունում։
Նախարարի խոսքով՝ նախաձեռնված փոփոխությունները նպատակ ունեն վերացնել տարիների ընթացքում կուտակված խնդիրները և համակարգը համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին։