Բելլա Բաբախանյանը ահազանգում է՝ ադրբեջանցիները հայ հոգևորականների սքեմը հագել, ծաղրում են ցեղասպանվածների հիշատակը
SOCIETYԵրեկ՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել և զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հազարավոր քաղաքացիներ ու հավատացյալներ։ Մարդկային անծայրածիր հոսքի մեջ լռությունը ուժ ուներ… Մինչ հայերը լուռ սգում էին իրենց վիշտը, ադրբեջանցի բլոգերները հայ հոգևորականների հագուստները հագած, հայհոյում ու ծաղրում էին հայի ցավը, այս մասին Past.am-ի հետ զրույցում պատմել է հայտնի բլոգեր Բելլա Բաբախանյանը. «Ապրիլի 24-ին, երբ ողջ ազգը սգում էր Ցեղասպանության օրը, ադրբեջանցի մի քանի բլոգերներ ծաղրում էին հայ ազգին՝ շնորհավորելով օրվա կապակցությամբ, մաղթելով նորանոր ցեղասպանություններ։ Եկեղեցականի հագուստ հագած, խաչը ձեռքին պահած, ուղիղ եթերում հայհոյանքներով վիրավորում էին Կաթողիկոսին ու քրիստոնյաներին, մեկ այլ եթերում Վեհափառի նկարը տեղադրած՝ տարբեր մեղադրանքներ հնչեցնում։
Արդեն բավական ժամանակ է ադրբեջանցի բլոգերներն ամենավերջին հայհոյանքներն են հնչեցնում հայ ազգի, հայ հերոսների ու քրիստոնյաների հասցեին՝ ծաղրի առարկա դարձնելով մեր խաչը։ Ես ուզում եմ հասկանալ, մի՞թե մեր իշխանությունները չեն տեսնում այդ ամենը և ինչո՞ւ բողոքի ձայն չեն բարձրացնում, որպեսզի դատապարտեն այդ արարքները, թե՞ միայն Ալիևի պահանջները պետք է բավարարվեն ու ձերբակալվեն այն անձինք, ովքեր դեմ են թվացյալ խաղաղությանը։ Սա՞ է ձեր բարեկամությունը…»։




