«Նվաստացնող» 19-ամյա վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում 19-ամյա Վարդան Մարկոսյանի մասնակցությամբ վթարը, ինչպես նաև նրա կողմից վթարի տեսանյութը զվարճանքով դիտելու պահը մեծ աղմուկ են բարձրացրել համացանցում։
Երեկ Քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնել էին, որ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա 2026 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ. Մ.-ն «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ՃՏՊ-ի պահին վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված, այդ իրավունքը կասեցված կամ նման իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը), որը միացվել է արդեն նախաձեռնված քրեական վարույթին։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։
Այսօր MediaHub-ին Դատախազությունից հայտնել են, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 344-րդ հոդվածի 1-ին մասով։
Ավելի վաղ տարածվել էր նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Վարդան Մարկոսյանը միտումնավոր գերազանցում ավտոմեքենայի արագությունը և նույնիսկ տեսանկարահանում ընթացքը՝ նշելով, թե պատրաստվում է «նվաստացնել» մեկ այլ մեքենայի։ Բարձր արագությամբ ընթացքի արդյունքում նա դարձել է խոշոր ավտովթարի մասնակից։
Բացի այդ, երիտասարդը վթարից հետո ևս տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է, թե պատրաստվում է նոր ավտոմեքենա գնել՝ կարծես ակնկալելով, որ իր վարորդական իրավունքը կվերականգնվի, և ինքը կկարողանա շարունակել վտանգավոր վարքագիծը՝ անտեսելով պատասխանատվությունը։
Նշենք, որ վթարի հետևանքով տուժել են ինչպես ինքը՝ «Mercedes CLS»-ի վարորդ, Երևանի բնակիչ 19-ամյա Վարդան Մարկոսյանը, այնպես էլ նրա ուղևորը՝ 25-ամյա Էռնեստ Սահակովը, «Jaguar»-ի ուղևոր՝ 30-ամյա Սիմա Միլիտոնյանը։ Նրանք տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Բացի այդ, թիվ 53 երթուղու ավտոբուսի ուղևոր՝ 53-ամյա Աննա Հակոբյանը տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։
Հետևեք մեզ՝ այստեղ



