Մբապեն նշել է, թե որն է եղել իր միակ սխալը «Ռեալում»
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն անդրադարձել է Իսպանիայի Պրիմերայի 36-րդ տուրում «Օվիեդոյի» դեմ տնային խաղի (2-0) ժամանակ սեփական երկրպագուների կողմից հնչած սուլոցներին։
— Ինչպե՞ս եք Ձեզ զգում «Կամպ Նոուում» չխաղալուց հետո և ընդհանրապես հասկանո՞ւմ եք երկրպագուների սուլոցների պատճառը:
«Շատ ցավալի է «Կլասիկոն» բաց թողնելը, մանավանդ որ այդ խաղերում միշտ աչքի եմ ընկել գոլերով։ Իսկապես ափսոս էր։ Ինչ վերաբերում է սուլոցներին, ապա սա կյանք է։ Մենք չենք կարող փոխել զայրացած ամբոխի կարծիքը։ Դա դժգոհությունն արտահայտելու նրանց ձևն է, և պետք չէ ամեն ինչ անձնավորել։ Ինձ բազմիցս են սուլել. դա «Ռեալի» ֆուտբոլիստի ու ինձ պես հանրային մարդու կյանքի անբաժան մասն է»։
— Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ էին սուլում։ Իտալիա կատարած այցելությա՞ն պատճառով։
«Տեղյակ չեմ։ Ակումբն ինձ թույլատրել էր բացակայել Մադրիդից, և ես միակը չէի, որ այնտեղ չէի։ Բայց նման բաներին պետք է ըմբռնումով մոտենալ, նայել առաջ ու շտկել իրավիճակը»։
— Իսկ ինչպե՞ս անձամբ արձագանքեցիք այդ սուլոցներին։
«Պետք է պարզապես հաշտվել դրա հետ, բարեկամս։ Դա մարդկանց կարծիքն է, որից ոչ ոք չի մահանա։ Միանգամայն նորմալ է, որ անհաջողությունների ժամանակ մարդիկ մեղավորներ են փնտրում։ Նման բան լինում է ցանկացած ակումբում»։
— Չե՞ք կարծում, որ վերջին շաբաթների ընթացքում սխալներ եք թույլ տվել. օրինակ՝ «Էսպանյոլի» դեմ խաղից ընդամենը 12 րոպե առաջ ժամանելը կամ արձակուրդ մեկնելը…
«Արձակո՞ւրդ… Դա զուտ ձեր ենթադրությունն է, դուք չգիտեք, թե ես ինչով եմ զբաղվել։ Ինչո՞ւ եք դա արձակուրդ անվանում։ Ես սխալվել եմ միայն մի հարցում՝ որ չեմ օգնել թիմիս տիտղոսներ նվաճել։ Մնացածն արդեն անիմաստ խոսակցություններ են։ Ոչ ոք չգիտի իմ մեկնելու բուն պատճառը։ Ես ունեի ակումբի թույլտվությունը, պարզապես նման ասեկոսեները մամուլում լավ են վաճառվում։ Իսկ ես կենտրոնացած եմ միայն մեկ նպատակի՝ նոր տիտղոսներ նվաճելու վրա»։
Հավելենք, որ «Օվիեդոյի» դեմ խաղում Մբապեն փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին, իսկ արդեն 80-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Ջուդ Բելինգեմին գրավել մրցակցի դարպասը։ Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հետևեք մեզ՝ այստեղ



