Լարված իրավիճակ դպրոցներում. քաոս է սկսվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի դպրոցներում երեկ ավարտվեց ուսումնական տարին, և արդեն առաջիկայում կմեկնարկեն ավարտական քննությունները։ Սակայն կրթական համակարգում, հատկապես գրականություն և պատմություն առարկաների ինտեգրված քննության էսսեի մասի հետ կապված, լուրջ անհանգստություններ կան։
Ինչպես արդեն բազմիցս նշվել է, աշակերտները պետք է գրեն էսսե, մինչդեռ նրանց մեծ մասը նման աշխատանքային ձևաչափի հետ փաստացի չի առնչվել նախորդ ինը տարիների ընթացքում։ Ըստ մեր տեղեկությունների՝ ստեղծված իրավիճակում շփոթված են ոչ միայն աշակերտներն ու ուսուցիչները, այլև անգամ ոլորտի պատասխանատուները հստակ պատկերացում չունեն, թե ինչպես պետք է կազմակերպվի գործընթացը, և ինչ արդյունք է ակնկալվում երեխաներից։
Միևնույն ժամանակ, օրեր առաջ անցկացվել է նաև 4-րդ դասարանցիների արտաքին գնահատումը՝ ԳԹԿ-ի կազմած միասնական թեստերով։ Թեստերը ներառել են «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաները։ Սակայն ծնողներն ու դասվարները դժգոհում են, որ առաջադրանքները չափազանց բարդ և խճողված են եղել՝ որոշ դեպքերում նույնիսկ 6-7-րդ դասարանի մակարդակի։
Բազմաթիվ բողոքներ են հնչել նաև այն մասին, որ այդ գործընթացը մեծ սթրես է առաջացրել երեխաների մոտ։ Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ այս աշակերտներն առաջին սերունդն են, որոնք առաջին դասարանից մինչև այժմ փաստացի գնահատականներով չեն գնահատվել, և նման ձևաչափի քննությունը նրանց համար լրացուցիչ հոգեբանական ծանրաբեռնվածություն է դարձել։
ԿԳՄՍ նախարարությունն, իր հերթին, հայտարարել է, որ 2025-2026 ուսումնական տարվա ավարտին 4-րդ դասարանցիները ավտոմատ կերպով կհամարվեն ատեստավորված՝ տարեկան բնութագրերի հիման վրա։ Ավելին, թեստերի արդյունքները որևէ ազդեցություն չեն ունենալու հաջորդ դասարան տեղափոխվելու վրա։
Մեզ փոխանցեցին նաև, որ ծնողների հարցումներին ի պատասխան՝ նախարարությունից նշել են, թե թեստերի արդյունքները չեն ներկայացվելու ոչ ծնողներին, ոչ էլ երեխաներին։
Այս ամենի ֆոնին շատերի մոտ բնական հարց է առաջանում՝ եթե արդյունքները որևէ ազդեցություն չունեն, չեն հրապարակվելու և չեն օգտագործվելու երեխայի առաջադիմությունը գնահատելու համար, ապա ինչո՞ւ էր անհրաժեշտ նման ծանր ու սթրեսային գործընթաց կազմակերպել թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



