Բա որ այդքան «թափանցիկ» է, ինչո՞ւ է այդքան գաղտնի. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը օրերս հարցազրույցներից մեկում բավականին ուշագրավ հայտարարություն է արել Ալիևի պահանջով Փաշինյանի իշխանության կողմից Սահմանադրության «փոփոխության նախագծի» վերաբերյալ:
Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը: Նախ՝ նա ընդգծել է, որ այդ «փոփոխության նախագիծը» ՔՊ-ն որոշել է մինչև ընտրությունների անցկացումը գաղտնի պահել: Դա արդեն անընկալելի է:
Ըստ Ավետիք Չալաբյանի, այդ գաղտնապահության պատճառները պայմանավորված են ոչ միայն Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրության նախաբանից հանելու հետ, այլև այն փոփոխությունների հետ, որ քպական իշխանությունը ցանկանում է իրականացնել հողի ձեռքբերման իրավունքի հարցում: Մասնավորապես, «ՀայաՔվեի» համակարգողն ընդգծում է, որ, իր տեղեկություններով, հիշյալ նախագծով նախատեսվում է Սահմանադրությունից հանել այն դրույթը, որով օտարերկրացիներին արգելվում է Հայաստանում հողային սեփականություն ունենալ:
Այդ արգելքը հանելու նպատակն էլ, ինչպես դժվար չէ կռահել, այն է, որ թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում հող ձեռք բերելու և սեփականացնելու իրավունք ստանան:
Հանրությանը հայտնի Դանիել Իոաննիսյանը, որ փաշինյանական ռեժիմի կողմնակից լինելուց բացի, նաև այդ իշխանական «սահմանադրական բարեփոխումների խորհրդի» անդամ է, հայտարարում է, թե՝ «սուտ է, նման բան չկա»: Համենայն դեպս, իր ֆեյսբուքյան էջում մի պաթետիկ գրառում է արել, ինչպես նշեցինք, ասել է, թե՝ «նախագծում, հակառակը, նախատեսվում է խստացնել այդ կարգավորումը ու արգելել օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանց էլ հող գնել»:
Բայց Իոաննիսյանի գրառման վերջն ավելի ճոխ է. «...Ասեմ, որ Սահմանադրական բարեփոխումների պրոցեսում գաղտնի բան չկա, ամբողջ բովանդակությունը թափանցիկ է, բովանդակության հետ կապված ցանկացած հարցի հաճույքով կպատասխանեմ»:
Ստո՛պ: Մեկ րոպե, էլի: Իսկ ինչո՞ւ պիտի հարցերին Դանիել Իոաննիսյանը պատասխանի, այսպես ասած՝ լուսավորի հանրությանը, թե իրենց խորհրդի հավաքական ջանքերով ինչ նախագիծ են ստացել, այնտեղ ինչ կա գրած, ինչ չկա գրած:
Չէ, լուրջ, էլի: Քավ լիցի, Փաշինյանի ու ՔՊ-ի «կրթական» ծրագրերը դեռ այն աստիճանին չեն հասել, որ հասարակության մեծամասնությունն անգրագետ ու անտառաճանաչ լինի: Բոլորն էլ գրելկարդալ, հատկապես՝ կարդալ կարող են:
Էհ, եթե Սահմանադրության «փոփոխության նախագծում» նման բան չկա գրած, այդ նախագիծը հրապարակեք: Ո՞րն է բարդությունը: Հրապարակեք, ժողովուրդն էլ նայի, համոզվի՝ ով է ճիշտն ասում, ով՝ հակառակը:
Առավել ևս, որ ինչպես հիշյալ անձն է ասում՝ «բովանդակությունը թափանցիկ» է: Թափանցի՞կ է: Շատ բարի: Հրապարակեք: Այլ ոչ թե «հարցրեք, ես ասեմ»: Այսինքն, Իոաննիսյանը կամ հանձնաժողովի մեկ այլ անդամ նաև պաշտոնական տեքստ կարդալու և հանրությանը վերապատմելու միջնո՞րդ են:
Իսկ հնարավո՞ր է, որ Սահմանադրության «կարուձևի» իշխանական նախագիծը նախքան ընտրությունները չի հրապարակվում զուտ «նախընտրական պատճառներով»: Գիտե՞ք, շատ հնարավոր է: Ի՞նչ իմանաս, թե ինչեր են գրել այդ նախագծում: Միգուցե այնպիսի բաներ են գրել, որ եթե ընտրություններից առաջ հրապարակեն, ապա Փաշինյանի աջակիցների՝ առանց այդ էլ նոսրացած շարքերը էլ ավելի կնոսրանա՞ն:
Փիլիսոփայել պետք չէ, պարզապես նախագծի տեքստը հրապարակե՛ք:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



