Հռոմի պապը ներկա է գտնվել Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի բացման հանդիսավոր արարողությանը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հռոմի պապ Լևոն XIV-ը օրհնել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա կաթոլիկ տաճարի Հիսուս Քրիստոսի աշտարակը։
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել տաճարի նախագծի հեղինակ, ճարտարապետ Անտոնիո Գաուդիի մահվան հարյուրամյակի օրը։ 172,5 մետր բարձրությամբ Հիսուս Քրիստոսի աշտարակը դարձել է 144 տարի կառուցվող տաճարի կենտրոնական մասը։
«Դրանով մենք ցույց ենք տալիս, որ Սագրադա Ֆամիլիան աշխարհի ամենաբարձր եկեղեցին է ոչ թե աշխարհիկ վարկանիշներում առանձնանալու, այլ Կատալոնիայի այս հողով թափառող Աստծո ժողովրդի քայլերն ուղղորդելու համար՝ խաչով, որը լուսավորում է ուղին, ինչպես վառվող կանթեղը՝ Փեսայի վերադարձի սպասումով», - ասել է պոնտիֆիկոսը։
Արարողությանը ներկա էին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը և թագուհի Լետիսիան, վարչապետ Պեդրո Սանչեսը և Կատալոնիայի կառավարության ղեկավար Սալվադոր Իլյան։ Իշխանությունների տվյալներով՝ տաճարի ներսում գտնվում էր մոտ 9 հազար մարդ, ևս 130 հազարը հավաքվել էր դրսում։
Արարողությունը ուղեկցվել է բազիլիկի ներսում և դրսում լուսաձայնային ներկայացմամբ. տաճարի աշտարակների վրա լույսեր են վառվել, իսկ ներսում հնչել է երգեհոնային երաժշտություն։ Բարսելոնայի երկնքում դրոնները պատկերել են Գաուդիի դիմանկարը և նրա «Սկզբում՝ սեր, հետո՝ տեխնիկա» արտահայտությունը։ Երեկոն ավարտվել է տոնական հրավառությամբ։
Չնայած կենտրոնական աշտարակի ավարտին՝ Սագրադա Ֆամիլիան դեռևս չի համարվում ամբողջությամբ կառուցված։ Գլխավոր անավարտ տարրը մնում է Փառքի ճակատը, որը նախատեսված է որպես տաճարի հիմնական մուտք։
Սագրադա Ֆամիլիա տաճարի շինարարությունը սկսվել է 1882 թվականի մարտին՝ Գաուդիի նախագծով։ Ճարտարապետը աշխատանքների սկսվելուց մեկ տարի անց ստանձնել է նախագծի ղեկավարումը և դրան է նվիրել իր կյանքի ավելի քան 40 տարին։ Բազիլիկը համարվում է Բարսելոնայի գլխավոր խորհրդանիշներից մեկը և ամեն տարի ընդունում է միլիոնավոր այցելուների։
Հետևեք մեզ՝ այստեղ



