Ինչո՞ւ է այս տարի եղանակն այսքան ագրեսիվ. ո՞րն է պատճառը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2026 թվականը Հայաստանում արդեն հասցրել է աչքի ընկնել եղանակային անսովոր և երբեմն վտանգավոր երևույթներով։ Վերջին շաբաթներին հանրության ուշադրության կենտրոնում էին ինչպես Սևան–Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած կայծակը, այնպես էլ Գյումրիում և Ստեփանավանում տեղացած ուժեղ կարկուտները, որոնք վնասներ հասցրին բնակիչներին և գյուղատնտեսությանը։
Մասնագետների խոսքով՝ նման երևույթների հաճախակիացումը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց թվում առաջին հերթին առանձնացվում են կլիմայական փոփոխությունները։ Երկրի միջին ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է մթնոլորտում ավելի մեծ քանակությամբ խոնավության կուտակման, ինչն իր հերթին նպաստում է ամպրոպների, հորդառատ անձրևների, կարկուտի և ուժեղ քամիների առաջացմանը։
Հիշեցնենք, որ երեկ Սևան–Երևան ճանապարհին վարորդները տեսանկարահանել էին կայծակի պատճառով փլուզված ճանապարհը, որոնք լայն տարածում գտան համացանցում։ Միևնույն ժամանակ Գյումրիում տեղացած խոշոր կարկուտը սպիտակ շերտով էր պատել փողոցներն ու բակերը, իսկ Ստեփանավանում տարերային երևույթը վնասներ էր հասցրել այգիներին և ցանքատարածություններին։
Օդերևութաբանները նշում են, որ տաք օդային զանգվածների բախումը սառը հոսանքների հետ հաճախ ստեղծում է անկայուն մթնոլորտային պայմաններ, ինչի հետևանքով ձևավորվում են հզոր ամպեր, ամպրոպներ և կարկտաբեր ամպային համակարգեր։ Հայաստանի լեռնային ռելիեֆը ևս նպաստում է նման երևույթների ինտենսիվությանը։
Փորձագետները զգուշացնում են, որ առաջիկա տարիներին եղանակային ծայրահեղ երևույթները կարող են ավելի հաճախակի դառնալ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Այդ պատճառով մեծանում է ինչպես վաղ նախազգուշացման համակարգերի, այնպես էլ բնակչության պատրաստվածության կարևորությունը։
Past.am-ի դիտարկմամբ՝ այս տարվա եղանակային պատկերը հերթական անգամ ցույց է տալիս, որ կլիմայական փոփոխություններն այլևս հեռավոր կանխատեսումներ չեն, այլ իրականություն, որի հետևանքները Հայաստանի բնակիչները զգում են արդեն այսօր՝ ուժեղ կայծակների, կարկուտների և այլ վտանգավոր մթնոլորտային երևույթների տեսքով։
Հետևեք մեզ՝ այստեղ



