Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Իռլանդական վիսկիի մեծ թվով ապրանքանիշերից միայն մի քանի ապրանքանիշ կարելի է գտնել աշխարհի ցանկացած կետում: Իսկ ամենահայտնի ու ամենատարածված իռլանդական վիսկին համարվում է Jameson-ը։ Այն, ինչպես և այդ ազգային ըմպելիքի մյուս ապրանքանիշերը, ունեցել է հաջողության և անկման ժամանակաշրջաններ, սակայն միշտ եղել է իռլանդական վիսկիի խորհրդանիշերից մեկը: Այսօր այդ ապրանքանիշը հերթական վերելքն է ապրում՝ գտնելով իր երկրպագուներին աշխարհի շատ երկրներում։
Ամեն ինչ սկսվել էր 1780 թվականին, երբ Ջոն Ջեյմսոնը, որը տասը տարի առաջ էր տեղափոխվել Դուբլին, հիմնել է թունդ ալկոհոլի արտադրության իր սեփական ընկերությունը։ Այդ օրերին վիսկին քիչ էր հայտնի Շոտլանդիայից և Իռլանդիայից դուրս, և արտադրության ծավալներն էլ առանձնապես մեծ չէին: Այնուամենայնիվ, նույնիսկ այն ժամանակ է ձևավորվել «Ջեյմսոնի» բնորոշ փափուկ համը, որը գրավում է իր վանիլի և ընկույզի բույրերով: Այդ համն ու բույրը ստացվում է գարու հատուկ բազմազանության և կրկնակի թորման միջոցով:
Լինելով տաղանդավոր գործարար և վիսկիին սիրահարված մարդ՝ Ջոն Ջեյմսոնը արագորեն իր թորման գործարանը դարձրել է Իռլանդիայի ամենամեծ արտադրական ձեռնարկությունը: Հիմնադրի որդին՝ Ջոն Ջեյմսոն կրտսերը, նույնպես հաջողությամբ շարունակել է հոր բիզնեսը:
«Ջեյմսոն» վիսկիի, ինչպես նաև իռլանդական այլ վիսկիների ոսկե դարաշրջանը սկսվել է 19-րդ դարի կեսերից։ Այն ժամանակ հատկապես տարածված էին ֆրանսիական կոնյակներն ու բրենդիները, սակայն 1858 թվականին ֆրանսիական խաղողի այգիների զգալի մասը տուժել է ֆիլոքսերա հիվանդությունից։ Համաճարակը տևել է մի քանի տարի, և այդ ընթացքում Ֆրանսիայում կոնյակի արտադրության ծավալներն աղետալիորեն ընկել են: Հենց այդ ժամանակ էլ վիսկին է սկսել ժողովրդականություն ձեռք բերել։ Հարկ է նշել, որ այդ օրերին Իռլանդիայի խմիչքները շատ ավելի տարածված էին. դրանք կազմում էին 19-րդ դարի վերջի վիսկիների վաճառքի գրեթե 90 %-ը։ Շոտլանդական վիսկին սկսել է ժողովրդականություն ձեռք բերել շատ ավելի ուշ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։
19-րդ դարի վերջում «Ջեյմսոն» վիսկիի արտադրությունը հասնում էր տարեկան մինչև 1 միլիոն գալոնի։ Եվ դա՝ չնայած այն հանգամանքին, որ իր պատմության սկզբին այդ ցուցանիշը հազիվ հասնում էր 30 հազար գալոնի: Դժվարությունների շարքը, որոնք ազդել են շոտլանդական վիսկիների ժողովրդականության վրա, սկսվել է 1890 թվականից: Դա հենց այն տարին էր, որ խոշոր արտադրողները սկսեցին դիմակայել էժան խառը վիսկի արտադրողների մրցակցությանը:
Հաջորդ հարվածը 1919 թվականին ԱՄՆում ալկոհոլի արգելքի ընդունումն էր, որի արդյունքում փակվեց վիսկիի վաճառքի մի հսկայական շուկա։ Հաջորդ հարվածը, որը երկար տարիներով տապալեց ամբողջ արդյունաբերությունը, Իռլանդիայի անկախությունն էր և դրան հաջորդած խորը տնտեսական ճգնաժամը: 1966 թվականին իռլանդական վիսկիի երեք դեռևս գոյատևող արտադրողները, ներառյալ «Ջեյմսոնը», որոշեցին միավորվել մեկ խոշոր ընկերության մեջ: Դրա շնորհիվ էլ ներկայումս Ջոն Ջեյմսոնի լեգենդը նոր կյանք է ստացել։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



