Շոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակ
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շարունակվող շոգի ալիքի ֆոնին շաբաթ օրը Գերմանիայի մի շարք շրջաններում ուժգին ամպրոպներ և տեղատարափ անձրևներ են տեղացել՝ առաջացնելով հանկարծակի ջրհեղեղներ, կայծակի հարվածներ և բազմաթիվ վնասվածքներ, հաղորդում է dpa-ն։
Ամենից ավելի լրջորեն տուժել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Ռայնլանդ-Պֆալց դաշնային երկիրը։
Շրջաններից մեկում գետի ջրի մակարդակը չորս ժամից էլ քիչ ժամանակում բարձրացել է 27 սանտիմետրից մինչև 1,96 մետր։ Տեղական իշխանությունների վկայությամբ, նման ջրհեղեղներ վիճակագրորեն տեղի են ունենում մոտավորապես 50 տարին մեկ անգամ։ Չնայած տարերքի մեծ մասշտաբներին՝ լուրջ վնասներից հաջողվել է խուսափել նախապես հայտարարված նախազգուշացումների և արտակարգ ծառայությունների պատրաստվածության շնորհիվ։ Անբարենպաստ եղանակի ընթացքում չեղարկվել են որոշ զանգվածային միջոցառումներ, իսկ հրշեջները տասնյակ անգամներ մեկնել են կանչերով։
Հարևան Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասում ինը մարդ տուժել է կայծակի հարվածից՝ մարզական փառատոնի ժամանակ։ Վեց հոգի տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպը տեղի է ունեցել Կառլսրուեի մոտ գտնվող Ռաշտատ քաղաքում, որտեղ փառատոնի մասնակիցները տեղավորվել էին մարզադաշտի տարածքում տեղադրված վրաններում։
Մոտ 100 կիլոմետր դեպի հարավ-արևելք մեկ կին է կայծակի հարվածից թեթև վնասվածքներ ստացել։ Նրան նույնպես հոսպիտալացրել են։
Գերմանիայի հյուսիսում փոթորիկը խափանել է Ֆլենսբուրգ քաղաքի մերձակայքում անցկացվող փառատոնը։ Այնտեղ 13 մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Մոտ հինգ հազար այցելու հավաքած միջոցառումը ստիպված են եղել ժամանակավորապես տարհանել, սակայն առավոտյան այն արդեն վերսկսվել է։
Անբարենպաստ եղանակի պատճառով տարհանում է իրականացվել նաև Արևելյան Ֆրիզիայում՝ Լեեր քաղաքի շրջանում գտնվող վրանային ճամբարում։ Ճամբարից դուրս է բերվել մոտ 300 երեխա։ Ոստիկանության տվյալներով, նրանցից ոչ ոք չի տուժել։
Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ ամպրոպները կպահպանվեն նաև հանգստյան օրերին։ Կիրակի ամենաբարդ իրավիճակը սպասվում է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասում, հատկապես Ռուրի շրջանում։ Ավելի ուշ ամպրոպային ճակատը կարող է տեղափոխվել երկրի կենտրոնական և հարավ-արևելյան շրջաններ։
Միաժամանակ օդերևութաբանները կանխատեսում են, որ ծայրահեղ շոգ եղանակը կպահպանվի։ Առաջիկա օրերին Գերմանիայի կենտրոնական և հարավային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի 32–39 աստիճանի։ Բարձր ջերմաստիճանն արդեն խնդիրներ է առաջացրել ճանապարհներին. Բեռլինի և Դրեզդենի միջև A13 ավտոբանում երթևեկությունը դժվարացել է շոգի ազդեցության տակ ասֆալտի ձևախախտման պատճառով։
Հետևեք մեզ՝ այստեղ



