Բելառուսը շահագրգիռ է ավելացնել Հայաստանից ապրանքների ներմուծումը
INTERNATIONAL NEWSԲելառուսը շահագրգիռ է Հայաստանից ներմուծել կոնյակ, գինիներ, գյուղատնտեսական ապրանքներ: Այս մասին հայտարարեց Բելառուսի անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը, ով Երևանում մասնակցում է տնտեսական հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին: Նա փաստեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են. կա մեծ ներուժ հետագա համագործակցության համար` ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ գիտատեխնիկական և հումանիտար ուղղություններով:«Գյուղատնտեսության ոլորտում Բելառուսը կարող է օգտակար լինել հայ գործընկերներին իր տեխնիկայով: Մենք ողջունում ենք նաև հայկական ապրանքների, ինչպես օրինակ, կոնյակի, գինիների, գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը մեր երկիր: Մենք հույս ունենք, որ ձեր երկրից դեպի Բելառուս արտահանման ծավալները կմեծանան»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց բելառուս պաշտոնյան:
Հայաստանի ու Բելառուսի գիտնականների մասնակցությամբ մոտ ապագայում կկայանա ինովացիոն հարցերին առնչվող համաժողով: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի տեղեկացմամբ`առաջարկը Երևանում անցկացվող հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ հայկական կողմն է արել բելառուս գործընկերներին ու ստացել հավանություն:«Հայաստանյան կողմն առաջարկեց, որ մոտ ժամանակներում անցկացվի ինովացիոն հարցերին վերաբերող համաժողով հայ և բելառուս գիտնականների մասնակցությամբ: Ինովացիայի և հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մենք բավականին լուրջ համագործակցության ռեսուրսներ ունենք ու պետք է դա երկուստեք օգտագործենք»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:
Նա նշեց, որ Հայաստանի ու Բելառուսի տնտեսական հարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա, հատկապես առավել կարևորվում է ԵԱՏՄ հարթակում մեր համագործակությունը: «Բելառուսական կողմի հետ մենք ընդհանուր առմամբ ունենք լուրջ հետաքրքրություններ ու հետագա զարգացման հնարավորություններ: Տնտեսական հարաբերությունների խորացումը երկուստեք կարևորվում է հատկապես էներգետիկայի, տրանսպորտի ու գյուղտնտեսության բնագավառներում»,-նշեց նախարարը:
2015 թվականին Հայաստանից Բելառուս արտահանվել է 5 միլիոն 461.8 հազար ԱՄՆ դոլարի ապրանք, Բելառուսից ներմուծվել է 33 միլիոն 787.6 հազար ԱՄՆ դոլարի բելառուսական ծագման ապրանք, 14 միլիոն 643.5 հազար ԱՄՆ դոլարի էլ այլ երկրի արտադրանք: 2014-ի համեմատ գումարային արտահայտմամբ նվազում է նկատվում արտահանման ցուցանիշում (2014-ին արտահանումը կազմել է 9 միլիոն 36.5 հազար ԱՄՆ դոլար), ինչպես նաև Բելառուսից այլ երկրների ապրանքների ներմուծման ցուցանիշում (2014-ին այդ ապրանքների ներմուծումը կազմել է 29 միլիոն 480.6 հազար ԱՄՆ դոլար) գումարային արտահայտմամբ աճ է արձանագրվել բելառուսական ապրանքների ներմուծման ցուցանիշում (2014-ին այդ ապրանքների ներմուծումը կազմել է 31 միլիոն 31.5 հազար ԱՄՆ դոլար):



