Հայ զինծառայող է վիրավորվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Past.am-ին հայտնի դարձավ, որ Լոռու մարզի Փամբակի ուսումնական զորամասում անցկացվող ուսումնական վարժանքների ընթացքում զինծառայող է վնասվածք ստացել։ Այս մասին տեղեկացնում է Past.am-ը՝ հղում անելով Armlur-ին։
Կայքի հետ զրույցում քաղաքացին հայտնել է, որ տուժած զինծառայողը Սովետաշենի զորամասից է։ Նրա պնդմամբ՝ նմանատիպ միջադեպերը զորամասում պայմանավորված են ոչ պատշաճ կառավարմամբ և վերահսկողության թերություններով։ Աղբյուրի խոսքով՝ զորամասում ծառայության կազմակերպման հետ կապված խնդիրներ կան, իսկ հրամանատար Պողոս Պետրոսյանի գործունեությունը դժգոհություններ է առաջացնում զինծառայողների շրջանում։
Քաղաքացու փոխանցմամբ՝ առայժմ հստակ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է զինծառայողը վնասվածքներ ստացել, սակայն զորամասում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ուսումնական վարժանքների ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զինծառայողը կորցրել է մեկ ոտքը, իսկ մյուս ոտքի շրջանում ստացել է ծանր վնասվածքներ, այդ թվում՝ այրվածքներ և կոտրվածքներ։
Նույն աղբյուրը նշում է, որ նախկինում ևս տվյալ հրամանատարի ենթակայությամբ ծառայության ընթացքում տարբեր միջադեպեր են արձանագրվել, ինչի առնչությամբ հարցեր են բարձրացվում պաշտպանության գերատեսչության արձագանքի վերաբերյալ։
Վիրավորում ստացած զինծառայողը մոտ ապագայում պետք է զորացրվեր։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հաստատել են զինծառայողի վնասվածք ստանալու փաստը՝ նշելով, որ նա վիրահատվել է և ներկայում գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։ Նախարարությունից ընդգծել են, որ զինծառայողի առողջական վիճակի և այլ անձնական տվյալների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չեն կարող տրամադրել՝ անձնական տվյալների պաշտպանության և բժշկական գաղտնիքի մասին օրենսդրական պահանջներից ելնելով։
Հետևեք մեզ՝ այստեղ



