Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն Հայաստանը կներկայանա 7 մարզիկով
SPORTԼատվիայում մարտի 8-13-ը տեղի է ունենալու ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կներկայանա 7 մարզիկով: Ինչպես տեղեկացրեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, Ռիգայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Շամիր Աթյանը (86 կգ), Անդրանիկ Գալստյանը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):
«Շամիր Աթյանից բացի բոլոր մարզիկներն էլ փորձառու են եւ ակնկալիքները նրանցից մեծ է: Եվրոպայի առաջնությանն առաջին անգամ է մասնակցում միայն Աթյանը: Կախված նրանից, թե ինչպես նա հանդես կգա առաջնությունում՝ որոշում կկայացվի նրան հետագա վարկանիշային մրցաշարերին ներկայացնելու վերաբերյալ»,-նշեց Ա. Բաղդադյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ առաջնությունը վարկանիշային չէ, հավաքականը կազմելիս հաշվի են առել մարզիկների պատրաստվածության մակարդակը: «Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հավակնող մարզիկներից մի քանիսն ընդգրկված են հավաքականում, սակայն կան մարզիկներ, որոնց վերաբերյալ որոշում է կայացվել շարունակելու մարզումները, որպեսզի վարկանիշային մրցաշարերին ավելի պատրաստված ներկայանան»,-ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:
Փետրվարի 22-ին հավաքականը վերջին հավաքը կանցկացնի Երեւանում:Այնուհետեւ, հավաքականը կմեկնի Բելառուս, որտեղ կմասնակցի համատեղ ուսումնամարզական հավաքի: