Խորամանկ մանրէ. Տարածաշրջանում Q տենդի բռնկում, տասնյակ մարդիկ են վարակվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Աստրախանի մարզում 2026 թվականի սկզբից Q տենդով հոսպիտալացվել է 39 մարդ, այդ թվում՝ 17 երեխա։ Հիվանդությունն առաջացնում է Coxiella burnetii բակտերիան, որը կարող է փոխանցվել մարդկանց վարակված կենդանիներից և ախտահարել թոքերը, լյարդը և սիրտը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ վարակման դեպքերն առավել հաճախ գրանցվել են Աստրախան քաղաքում, ինչպես նաև Վոլոդարսկի, Կամիզյակսկի, Կրասնոյարսկի, Լիմանսկի, Պրիվոլժսկի և Նարիմանովսկի շրջաններում։
Միաժամանակ, Past.am-ը հայտնում է, որ Q տենդի դեպքերի թիվը Ռուսաստանում ընդհանուր առմամբ շուրջ 1,9 անգամ գերազանցում է բազմամյա միջին ցուցանիշը։
Ինչպե՞ս է փոխանցվում Q տենդը
Հիվանդության հարուցիչը՝ Coxiella burnetii-ն, երկար ժամանակ կարող է պահպանվել արտաքին միջավայրում՝ կենդանիների մորթու, չոր գոմաղբի, հում մսի և այլ մակերեսների վրա։
Մարդը կարող է վարակվել մի քանի ճանապարհով.
-
վարակված փոշին շնչելով (ամենատարածված ճանապարհը),
-
հում կամ չպաստերիզացված կաթ և կաթնամթերք օգտագործելով,
-
վարակված կենդանիների հետ շփման ընթացքում՝ մաշկի վնասվածքների միջոցով,
-
վարակված տզի խայթոցի հետևանքով։
Որո՞նք են ախտանիշները
Ինկուբացիոն շրջանը սովորաբար տևում է 1–2 շաբաթ։ Հիվանդությունն սկսվում է հանկարծակի և կարող է դրսևորվել հետևյալ ախտանիշներով.
-
39°C-ից բարձր ջերմություն,
-
ուժեղ դող,
-
առատ քրտնարտադրություն,
-
գլխացավ,
-
մկանային և հոդային ցավեր,
-
չոր հազ, որը կարող է վերածվել բրոնխիտի կամ թոքաբորբի։
Բժիշկները զգուշացնում են, որ առանց ժամանակին բուժման հիվանդությունը կարող է դառնալ քրոնիկ և հանգեցնել լուրջ բարդությունների, այդ թվում՝ լյարդի բորբոքման (հեպատիտ) կամ սրտի փականների ախտահարման (էնդոկարդիտ)։
Ինչպե՞ս պաշտպանվել
Մասնագետները խորհուրդ են տալիս.
-
օգտագործել միայն եռացրած կամ պաստերիզացված կաթ,
-
կաթնամթերք գնել միայն անասնաբուժական հսկողություն անցած վաճառողներից,
-
կենդանիների հետ աշխատելիս կրել պաշտպանիչ հագուստ, ձեռնոցներ և դիմակ,
-
պարբերաբար ապահովել ընտանի կենդանիների անասնաբուժական զննումը։
Եթե բարձր ջերմության, հազի կամ այլ ախտանիշների դեպքում կասկածում եք Q տենդ, մասնագետները խորհուրդ են տալիս չզբաղվել ինքնաբուժությամբ և հնարավորինս շուտ դիմել բժշկի։ Ժամանակին սկսված հակաբիոտիկային բուժումը, որպես կանոն, արդյունավետ է և թույլ է տալիս խուսափել ծանր բարդություններից։
Հետևեք մեզ՝ այստեղ



