Էստոնիան հայտարարել է ռուսական ուղղաթիռի կողմից իր օդային տարածքի խախտման մասին
INTERNATIONAL NEWSՌուսական Մի-8 ուղղաթիռը փետրվարի 18-ին խախտել է Էստոնիայի օդային տարածքը Վասկնարվա ուղեկալի շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին նախօրեին Տալլինում հայտարարել է երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը:
Ուղղաթիռը Էստոնիայի օդային տարածքում մեկ րոպեից պակաս է մնացել: Հաղորդվում է, որ նրա ռադիոազդանշանային պատասխանող սարքը (տրանսպոնդեր) անջատված է եղել, և ուղղաթիռի անձնակազմը Էստոնիայի ավիացիոն ծառայությունների հետ ռադիոկապ չի պահպանել, իսկ թռիչքի պլանը նախօրոք հաղորդված չի եղել:
Միջադեպի գրանցումից հետո Էստոնիայի սահմանապահները լրացուցիչ ստուգման են ենթարկել նաև Չուդ լճի առափնյա սահմանային գոտին ու ջրային տարածքը, սակայն անհանգստացնող ոչինչ չեն հայտնաբերել: Ռուսաստանի դեսպանն միջադեպից հետո հրավիրվել է Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել:



