Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 1-ից Սևանա լճում և առափնյա հատվածներում ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ջրային վաշտն ու ջրային փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության։
ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը հետևել է ջրային պարեկների ծառայության կազմակերպմանը և հանձնարարել առավելագույն զգոնությամբ ապահովել շուրջօրյա հսկողություն, կանխել պատահարները և յուրաքանչյուր ահազանգի արձագանքել արագ ու պատշաճ։
Ուժեղացված ծառայության շրջանակում ջրային պարեկները խիստ վերահսկողություն կիրականացնեն ջրային տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման, հասարակական կարգի և անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ալկոհոլի ազդեցության տակ ջրային տրանսպորտային միջոցներ վարողներին, փրկարարական բաճկոն չկրողներին և քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող այլ իրավախախտումների կանխարգելմանն ու բացահայտմանը։
ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի խոսքով՝ ջրային տեխնիկան կշահագործվի ըստ անհրաժեշտության, կկազմակերպվեն պարեկային ծառայություններ ջրի վրա, իսկ խախտումների հայտնաբերման դեպքում կկիրառվեն վարչական միջոցներ։
Նույն օրը ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը նույնպես հետևել է ջրային փրկարարների ուժեղացված ծառայության կազմակերպմանը, ստուգել անձնակազմի և տեխնիկական միջոցների պատրաստվածությունը, ինչպես նաև հերթապահության կազմակերպումը։ Նա հանձնարարել է ապահովել յուրաքանչյուր ահազանգի արագ արձագանք, պատահարների կանխարգելում և քաղաքացիների անվտանգության բարձր մակարդակ։
ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գարեգին Հակոբյանի տեղեկացմամբ՝ լողասեզոնի ընթացքում ուժեղացված ծառայություն է իրականացվում Սևանի չորս հանրային լողափերում, իսկ Հատուկ նշանակության աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները շուրջօրյա հերթապահություն կիրականացնեն նաև Շողակաթ բնակավայրին հարակից քաղաքային լողափում։
Ծառայության ընթացքում կապահովվի հանգստացողների անվտանգությունը թե՛ ափամերձ, թե՛ ջրային տարածքներում, կանցկացվեն նաև իրազեկման միջոցառումներ՝ անվտանգ վարքականոնների պահպանման և հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման նպատակով։
Վերահսկողության և արագ արձագանքի արդյունավետությունն ապահովելու համար կկիրառվեն ջրային տրանսպորտային միջոցներ և ժամանակակից տեխնիկական սարքավորումներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



