Որքա՞ն հայ է բնակվում Վրաստանում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի ընդհանուր բնակչության թվաքանակում էթնիկ վրացիների մասնաբաժինը վերջին տասը տարում նվազել է 86,8%-ից մինչև 84,1%, թեև նրանց ընդհանուր թիվն աճել է 2,5%-ով և հասել 3,3 միլիոնի։ Դրա մասին են վկայում 2024 թվականի բնակչության մարդահամարի վերջնական արդյունքները, որոնք հրապարակել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ըստ այդ տվյալների՝ Վրաստանի բնակչությունը կազմում է 3,93 միլիոն մարդ՝ 2014 թվականի 3,71 միլիոնի դիմաց։
Մեծությամբ երկրորդ էթնիկ խումբը շարունակում են մնալ ադրբեջանցիները՝ 268,8 հազար մարդ կամ երկրի բնակչության 6,8%-ը։ Նրանց թվաքանակը տասը տարում աճել է 15,4%-ով։ Երրորդ տեղը զբաղեցնում են հայերը, որոնց թվաքանակն աճել է 0,7%-ով՝ հասնելով 169,3 հազար մարդու, իսկ նրանց մասնաբաժինը բնակչության մեջ կազմում է 4,3%, հաղորդում է «Новости-Грузия»-ն։
Օտարերկրացիների շրջանում ամենամեծ խումբը ռուսաստանցիներն են՝ 37,7 հազար մարդ։ Նրանց հաջորդում են Հնդկաստանի (23,9 հազար) և Ուկրաինայի (11,5 հազար) քաղաքացիները։ Ամենամեծ տասնյակի մեջ են մտել նաև Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի, Բելառուսի, Իրանի, Իսրայելի և Հորդանանի քաղաքացիները։
Մարդահամարը փոփոխություններ է արձանագրել նաև երկրի կրոնական կառուցվածքում։ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների թիվը նվազել է 6,7%-ով՝ հասնելով 101 հազար 736 մարդու։
Հրապարակված տվյալները միաժամանակ ցույց են տալիս, որ վրացերենը բնակչության ճնշող մեծամասնության համար մնում է մայրենի լեզու. այն որպես մայրենի է նշել 3,34 միլիոն մարդ։ Ադրբեջաներենը մայրենի լեզու է 265,5 հազար բնակչի համար, հայերենը՝ 139,4 հազարի համար։
Միևնույն ժամանակ, գրեթե 183 հազար մարդ չի տիրապետում վրացերենին նույնիսկ նվազագույն մակարդակով։ Նրանց թվում կա ավելի քան 118 հազար մարդ, որոնց համար մայրենի լեզուն ադրբեջաներենն է, գրեթե 43 հազար՝ հայերենը, և ավելի քան 11 հազար՝ ռուսերենը։
Հետևեք մեզ՝ այստեղ



