Իրավապահ համակարգի քաղաքականացումը վտանգավոր նախադեպ է
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պետական ինստիտուտների, հատկապես իրավապահ մարմինների քաղաքական նպատակներով օգտագործումը ցանկացած երկրի համար վտանգավոր նախադեպ է։ Երբ իրավական մեխանիզմները սկսում են ընկալվել որպես քաղաքական պայքարի գործիք, վտանգվում է ոչ միայն առանձին գործիչների իրավունքների պաշտպանությունը, այլև ամբողջ պետական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը։
Քաղաքական շրջանակներում հնչում են գնահատականներ, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող գործընթացները դուրս են գալիս սովորական իրավական դաշտից և ընկալվում են որպես քաղաքական ճնշման փորձ։ Ըստ այդ տեսակետի՝ իրավապահ համակարգի լայնածավալ ներգրավումն ընդդեմ մեկ քաղաքական գործչի ոչ այնքան ուժի, որքան իշխանության ներսում առկա անվստահության և լարվածության դրսևորում է։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ իրավապահ համակարգը կորցրել է անկախությունը և ծառայել է բացառապես իշխանության քաղաքական նպատակներին, նման գործելաոճը երկարաժամկետ հեռանկարում լուրջ հետևանքներ է ունեցել հենց իշխանությունների համար։ Պատմությունը բազմիցս արձանագրել է, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո նույն համակարգերը վերանայել են իրենց դիրքորոշումները, իսկ նախկին իշխանությունների գործողությունները դարձել են քննության առարկա։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ իրավապահ մարմինների հեղինակությունն ու արդյունավետությունը հնարավոր է պահպանել միայն այն դեպքում, երբ դրանք գործում են օրենքի շրջանակում և հավասար մոտեցում են ցուցաբերում բոլորի նկատմամբ՝ անկախ քաղաքական հայացքներից կամ կարգավիճակից։
Եթե հասարակության մեջ ձևավորվի համոզմունք, որ օրենքը կիրառվում է ընտրովի, ապա վնասը կկրի ոչ միայն կոնկրետ անձը, որի նկատմամբ իրականացվում են այդ գործողությունները, այլև ամբողջ պետական համակարգը։ Նման պայմաններում թուլանում է ներդրումային վստահությունը, մեծանում են քաղաքական ռիսկերը և խորանում է հասարակության բևեռացվածությունը։
Այդ պատճառով բազմաթիվ փորձագետներ կարևորում են իրավական ինստիտուտների անկախությունը՝ նշելով, որ օրենքը չպետք է վերածվի քաղաքական պայքարի միջոցի։ Հակառակ դեպքում ստեղծվող նախադեպը վաղ թե ուշ կարող է վերադառնալ հենց այն ուժի դեմ, որը ժամանակին օգտագործել է այդ գործիքները՝ քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



