Թրամփը մտադիր է թույլատրել ԱՄՆ-ի F-35 կnրծանիչների վաճառքը Թուրքիային. NYT
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին կտեղեկացնի, որ ամերիկյան իշխանությունները պատրաստ են Անկարային թույլատրել F-35 հինգերորդ սերնդի կործանիչների վաճառքը։ Այս մասին գրում է The New York Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ առայժմ անհասկանալի է, թե կոնկրետ ինչպես է Թրամփը մտադիր իրականացնել այդ քայլը և շրջանցել Թուրքիային F-35-ի մատակարարման վերաբերյալ Կոնգրեսի արգելքը։ Ամերիկյան վարչակազմի անանուն ներկայացուցիչները ենթադրել են, որ Թուրքիային F-35 ծրագիր վերադարձնելու գործընթացը սկսելու համար առաջնորդները կարող են պաշտոնական նամակներ փոխանակել։ ԱՄՆ առաջնորդը Թուրքիա կժամանի հուլիսի 7-ին, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Ինչպես նշում է հրատարակությունը, ամերիկացի պաշտոնյաները չեն բացառել, որ Սպիտակ տան ղեկավարը դեռ կարող է փոխել իր կարծիքը։ Հունիսի վերջին բրյուսելյան «Euractiv» պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ-ը կարող է վերադառնալ Թուրքիային F-35 ինքնաթիռներ վաճառելու գաղափարին, եթե նա հրաժարվի իր Ս-400 համակարգերից, սակայն չվերադարձնի դրանք Ռուսաստանին, այլ վաճառի «երրորդ երկրի»։
ԱՄՆ-ը 2019 թվականին Թուրքիային բացառել էր իր F-35 ծրագրից՝ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու համար։ ԱՄՆ-ն իր որոշումը հիմնավորել էր այն մտավախությամբ, որ Թուրքիան կարող է տեղեկություններ հավաքել F-35-ի խոցելիության մասին՝ կապված Ս-400 համալիրի հետ, քանի որ երկու համակարգերն էլ շահագործելու էր իր զինված ուժերում։
Թուրքիային F-35 ինքնաթիռներ փոխանցելուն ակտիվորեն դեմ են հանդես գալիս նաև Իսրայելը, որի հարաբերություններն Անկարայի հետ վատթարանում են, և Թուրքիայի ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանը, որը նույնպես Անկարայի պատմական հակառակորդն է։ Հունաստանը և Իսրայելը պնդում են, որ Թուրքիային F-35-երի փոխանցումը «կխախտի ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը»։
Հետևեք մեզ՝ այստեղ



