Փարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկը
CULTUREՖրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը այսօր Կապանում կներկայացնի իր «Singing Paradjanov» («Փառերգել Փարաջանովին») երաժշտական ստեղծագործությունը՝ ֆրանսիական Musicatreize անսամբլի մասնակցությամբ։ Ստեղծագործությունը ոգեշնչված է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի աշխարհով և համատեղում է երաժշտություն, գրականություն ու վիզուալ արվեստ։
Համերգային ներկայացման մեջ ներգրավված են նաև դիրիժոր Ռոլան Հայրապետյանը և վիդեոարտիստ Մարկ դը Պիեռֆյոը։ Ստեղծագործության հիմքում Փարաջանովի ֆիլմերից ու նամակներից հատվածներ են, ինչպես նաև տեքստեր Ժան-Լյուկ Գոդարից, Ֆեդերիկո Ֆելինիից և Սայաթ Նովայից։
«Կապան Ֆեստ 2026»-ը հուլիսի 4-14-ը Կապանը վերածել է միջազգային երաժշտական կենտրոնի՝ համախմբելով երաժիշտների աշխարհի 16 երկրներից։ Այսօրվա ծրագիրը փառատոնի ամենասպասված իրադարձություններից մեկն է։ Այս տարվա՝ «Կապան Ֆեստ 2026»-ի հիմնական գործընկերներն ու աջակիցներն են՝ Կապանի համայնքապետարանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), ինչպես նաև մի շարք միջազգային ու տեղական գործընկեր կազմակերպություններ։



