«Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենա Սև Օհանյանի «Իմ մեծ չաղ հայկական ընտանիքը» կատակերգության պրեմիերան
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պրոդյուսեր Սև Օհանյանն, ով դեռ այս տարվա մարտին առաջադրված էր Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի «Մեղսավորները» ֆիլմի համար, «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է։
2010 թվականից Օհանյանն արտադրել կամ համարտադրել է մոտ 20 ֆիլմ, որոնց մեծ մասը կամ մեծ ֆինանսական հաջողություն է գրանցել, կամ արժանացել ամերիկյան ամենահեղինակավոր պարգևներին։ Նրա նախագծերի շարքում են Անիշ Չագանտիի «Որոնումը» (2018), որը ոչ միայն համակարգչի էկրանին ծավալվող ֆիլմերի նոր ժանրի լավագույն նմուշներից է, այլև 880 հազար դոլար բյուջեի պարագայում 75 մլն դոլարի եկամուտ է ունեցել, Շաքա Քինգի «Հուդան և սև մեսիան» (2021), որը 5 «Օսկար»-ի է առաջադրվել, և Օհանյանի երկարամյա գործընկեր, ռեժիսոր Ռայան Քուգլերի «Մեղսավորները» (2025), որն «Օսկար»-ի պատմության մեջ երբևէ ամենաշատ պարգևների առաջադրված կինոնկարն է։
«Ոսկե ծիրան» 23-րդ կինոփառատոնի շրջանակում տեղի կունենա նաև Սև Օհանյանի առաջին ռեժիսորական աշխատանքի՝ «Իմ մեծ չաղ հայկական ընտանիքը» (2008) կատակերգության Երևանյան պրեմիերան։
Հիշեցնենք՝ «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին: Այս տարի ևս փառատոնը կներկայացնի մրցութային և արտամրցութային հարուստ ծրագրեր՝ աշխարհի տարբեր երկրներից ընտրված ֆիլմերով, այդ թվում՝ Կաննի, Բեռլինի և այլ հեղինակավոր միջազգային կինոփառատոններում ներկայացված աշխատանքներով։
Փառատոնի ընթացքում Հայաստան կժամանեն համաշխարհային կինոյի ճանաչված ռեժիսորներ, դերասաններ, պրոդյուսերներ և ոլորտի մասնագետներ, որոնք ոչ միայն կներկայացնեն իրենց ֆիլմերը, այլև կմասնակցեն վարպետության դասերի և հանդիպումների՝ ստեղծելով մասնագիտական երկխոսության և մշակութային համագործակցության հարթակ։

Հետևեք մեզ՝ այստեղ



