Կինը փորձել է ամուսնու ձեռքից հանել օձի թույնը, բայց ինքն է թունավորվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանում մի կին թունավորվել է այն բանից հետո, երբ փորձել է ամուսնու վերքից բերանով հեռացնել կոբրայի թույնը, հայտնում է Past.am-ը հղում անելով՝ South China Morning Post-ին։
Դեպքը տեղի է ունեցել Յուանյանգ շրջանում։ Տարեց ֆերմերը դաշտում աշխատելիս կոբրայի խայթոցի է ենթարկվել։ Նրա կինը, հիշելով ֆիլմերում տեսած նման տեսարանները, փորձել է բերանով ծծել վերքից թույնը՝ հավատալով, որ այդպես կփրկի ամուսնուն։
Տղամարդուն շտապ տեղափոխել են հիվանդանոց։
Մի քանի ժամ անց կնոջ մոտ նույնպես ի հայտ են եկել թունավորման ախտանիշներ․ թմրել են լեզուն, շուրթերը, դեմքն ու վերջույթները։ Նրան նույնպես հոսպիտալացրել են, իսկ բժիշկները հաստատել են, որ նրա մոտ զարգացել է օձի թույնից առաջացած թունավորում։
Երկու ամուսիններին էլ ժամանակին ներարկել են հակաթույն, և մի քանի օր անց նրանց դուրս են գրել հիվանդանոցից։
Բժիշկները նշել են, որ օձի խայթոցի դեպքում թույնը բերանով դուրս քաշելու փորձը վտանգավոր և վաղուց հերքված մեթոդ է։ Նրանց խոսքով՝ բերանի խոռոչի լորձաթաղանթը հարուստ է արյունատար մազանոթներով, ինչի պատճառով թույնը կարող է արագ ներթափանցել օգնություն ցուցաբերողի օրգանիզմ։
Մասնագետները նաև ընդգծել են, որ օձի ժանիքների թողած փոքր անցքերով թույնը գրեթե անմիջապես անցնում է հյուսվածքների խոր շերտեր, ուստի այն բերանով հեռացնելը գործնականում անհնար է։
Բժիշկները խորհուրդ են տալիս օձի խայթոցի դեպքում չփորձել ինքնուրույն հեռացնել թույնը, այլ հնարավորինս արագ անշարժացնել վնասված վերջույթը և դիմել շտապ բժշկական օգնության։
Հետևեք մեզ՝ այստեղ



