0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին կիսվել է տպավորություններով ԱԱ-2026-ի 1/8 եզրափակչում Եգիպտոսի նկատմամբ տարած կամային հաղթանակից հետո (3:2): Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում աշխարհի գործող չեմպիոնները պարտվում էին 0:2 հաշվով, սակայն կարողացան բեկել խաղի ընթացքն ու դուրս գալ քառորդ եզրափակիչ։
Ատլանտայի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում կայացած ծանրագույն խաղից անմիջապես հետո արգենտինացիների առաջատարը սոցցանցերի իր էջերում էմոցիոնալ գրառում է կատարել.
«Այս թիմը երբեք չի հանձնվում։ Ինչպիսի՜ խելահեղ երեկո… Այս թիմն ուղղակի անհավանական է։ Առա՛ջ, Արգենտինա»,- գրել է Մեսսին։
Ավելի ուշ՝ TyC Sports-ի հետ զրույցում, աստղային հարձակվողը նաև վերլուծել է խաղադաշտում տեղի ունեցածը.
«Մենք լավ էինք խաղում: Բացի 11-մետրանոցից, մենք այլ հիանալի պահեր էլ ունեինք: Մրցակցի դարպասապահը մի քանի անհավանական սեյվ կատարեց: Բարեբախտաբար, վերջնամասում ես իմ շանսն ունեցա: Առանձնահատուկ զգացողություն է նման թիմին օգնելու հնարավորություն ունենալն այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ մեզ հետ խաղի ընթացքում»,- նշել է Մեսսին։
ԱԱ-2026-ի 1/4 եզրափակչում Արգենտինայի հավաքականի մրցակիցը կլինի Շվեյցարիան:
Աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը: Արգենտինան մրցաշարին մասնակցում է որպես աշխարհի գործող չեմպիոն. 2022 թվականի դրամատիկ եզրափակչում «Ալբիսելեստեն» հաղթել էր Ֆրանսիային (հիմնական ժամանակը՝ 3:3, հետխաղյա 11մ՝ 4:2):
Հետևեք մեզ՝ այստեղ



