Ֆրանսահայ օծանելիքագործ Ֆրանսիս Քյուրքջյանն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսահայ աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քյուրքջյանը նշանակվել է Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևի՝ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, գրում է rtl.fr-ը։
Նրա անունը ներառվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ 2026 թվականի հուլիսի 13-ին ստորագրած պարգևատրման հրամանագրում, որը հրապարակվել է երկրի պաշտոնական տեղեկագրում՝ հուլիսի 14-ին։ Փաստաթղթում Քյուրքջյանը ներկայացված է որպես օծանելիքագործ և օծանելիքի ընկերության գեղարվեստական տնօրեն։
Ֆրանսիս Քյուրքջյանը Maison Francis Kurkdjian օծանելիքի տան հիմնադիրն է և Dior Parfums-ի ստեղծագործական տնօրենը։ Նա համաշխարհային օծանելիքագործության ամենահայտնի ներկայացուցիչներից է։
Պարգևատրման առիթով Քյուրքջյանը նշել է, որ այն կիսում է իր մասնագիտական ճանապարհին իրեն ուղեկցած բոլոր մարդկանց հետ։ Նա նաև հուզիչ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայում ապաստան գտած իր տատիկին ու պապիկին։
«Հուզմունքով մտածում եմ իմ տատիկի և պապիկի մասին՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայում ապաստան գտած մարդկանց։ Նրանց քաջությունը, նոր հայրենիքի հանդեպ վստահությունն ու ինձ փոխանցած արժեքներն այս պարգևին առանձնահատուկ նշանակություն են տալիս»,– գրել է Քյուրքջյանը։
Ֆրանսիայի 2026 թվականի հուլիսի 14-ի քաղաքացիական պարգևատրումների ցուցակում ընդգրկվել են մշակույթի, գիտության, առողջապահության, բիզնեսի, սպորտի և հանրային ծառայության ոլորտների մի շարք ներկայացուցիչներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



