Yerevan, 19.September.2026,
00
:
00
BREAKING


Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը վերջին տարիներին ավելի ակտիվորեն է ներգրավվում միջազգային գործընթացներում։ Երկիր են ժամանում զբոսաշրջիկներ, գործարարներ, ուսանողներ և տարբեր նպատակներով այցելուներ աշխարհի բազմաթիվ երկրներից։ Սա բնական և դրական երևույթ է։ Զբոսաշրջության զարգացումը նպաստում է ծառայությունների ոլորտի ընդլայնմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսության ակտիվացմանը և Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

Հայաստանը պետք է լինի բաց երկիր։ Աշխարհի հետ կապերի ընդլայնումը, միջազգային համագործակցությունը և մարդկանց շարժունակությունը ժամանակակից զարգացման կարևոր պայմաններ են։ Սակայն յուրաքանչյուր դրական գործընթաց պահանջում է նաև պատասխանատու կառավարում։ Բաց լինելը աշխարհի առաջ ժամանակակից պետության կարևոր հատկանիշ է, բայց բացությունը չի կարող նշանակել վերահսկողության բացակայություն։

Յուրաքանչյուր երկիր, որը ընդունում է մարդկանց մեծ հոսքեր, պարտավոր է ունենալ հստակ քաղաքականություն՝ հասկանալու այդ գործընթացների ազդեցությունը իր սոցիալական, տնտեսական և քաղաքային համակարգերի վրա։ Պետության խնդիրն է ոչ միայն արձագանքել արդեն առաջացած խնդիրներին, այլ կանխատեսել հնարավոր զարգացումները և նախապես ստեղծել անհրաժեշտ կառավարման մեխանիզմներ։

Հայաստանն այսօր գտնվում է զարգացման նոր փուլում։ Երկիրը փորձում է ներկայանալ որպես զբոսաշրջային, տնտեսական և տարածաշրջանային կապերի կենտրոն։ Սա փոքր տնտեսության համար կարող է ստեղծել նոր հնարավորություններ, սակայն յուրաքանչյուր զարգացման մոդել ունի նաև իր հակառակ կողմը՝ նոր հոսքեր, նոր պահանջներ և նոր կառավարման խնդիրներ։

Վերջին շրջանում Երևանում քաղաքացիների ուշադրությունն է գրավում օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ Հնդկաստանից ժամանողների թվի աճը։ Այստեղ անհրաժեշտ է հստակ տարբերակել խնդրի էությունը։ Հարցը որևէ ժողովրդի կամ որևէ երկրի քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքը չէ։ Յուրաքանչյուր մարդ ունի արժանապատվության և օրենքի պաշտպանության իրավունք։ Սակայն յուրաքանչյուր պետություն ունի նաև պարտավորություն՝ կառավարելու միգրացիոն հոսքերը, ապահովելու օրենքի միասնական կիրառումը և պաշտպանելու իր քաղաքացիների անվտանգ ու կազմակերպված միջավայրում ապրելու իրավունքը։

Ես հաճախ եմ ոտքով շրջում Երևան քաղաքով և անմիջականորեն առնչվում եմ քաղաքի իրական կյանքին։ Այն, ինչ տեսնում է սովորական քաղաքացին փողոցում, երբեմն տարբերվում է պաշտոնական պատկերացումներից։ Քաղաքի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել իրավիճակների, որոնք առաջացնում են անհանգստություն՝ մարդիկ, որոնք հայտնվել են սոցիալական ծանր պայմաններում, բնակվում են ոչ պատշաճ վայրերում, գիշերում են հասարակական տարածքներում կամ կանաչ գոտիներում՝ չունենալով տարրական կենցաղային և սանիտարական պայմաններ։ Այս երևույթները միայն արտաքին տեսքի կամ քաղաքի պատկերի խնդիր չեն։ Դրանք ազդում են հանրային միջավայրի, քաղաքացիների զգացողությունների, Երևանի հեղինակության և քաղաքային կառավարման արդյունավետության վրա։

Որոշ դեպքերում օտարերկրյա քաղաքացիները հայտնվում են նաև այնպիսի իրավիճակներում, երբ զբաղվում են մուրացկանությամբ՝ հատկապես եկեղեցիների, զբոսաշրջային վայրերի և մարդաշատ տարածքների հարակից հատվածներում։ Այստեղ ևս խնդիրը մարդկանց դատապարտելը չէ։ Հարցն այն է, թե ինչպես է պետությունը կառավարում նման իրավիճակները։ Եթե մարդը հայտնվել է ծայրահեղ սոցիալական վիճակում, անհրաժեշտ է համապատասխան արձագանք՝ իրավական, սոցիալական և մարդասիրական գործիքներով։

Սակայն միաժամանակ չի կարելի անտեսել Երևանի բնակիչների օրինական մտահոգությունները։ Մայրաքաղաքը պարզապես տարածք չէ, որտեղ մարդիկ ժամանակավորապես գտնվում են։ Երևանը քաղաքացիների տունն է, և քաղաքային իշխանությունները պարտավոր են ապահովել կարգավորված, անվտանգ և արժանապատիվ միջավայր։

Պետք է հասկանալ նաև, որ զբոսաշրջությունը, աշխատանքային միգրացիան և սոցիալական խոցելի խմբերի առաջացման խնդիրը նույնական երևույթներ չեն։ Դրանք տարբեր գործընթացներ են և պահանջում են տարբեր պետական քաղաքականություններ։

Եթե մարդը գալիս է Հայաստան որպես զբոսաշրջիկ, պետության խնդիրն է ապահովել բարենպաստ պայմաններ և անվտանգ միջավայր։ Եթե մարդը գալիս է աշխատելու, անհրաժեշտ է ապահովել օրինական զբաղվածություն և հավասար մրցակցային պայմաններ։ Եթե որևէ անձ հայտնվում է սոցիալական ծանր իրավիճակում, պետությունը պետք է ունենա աջակցության և կարգավորման մեխանիզմներ։ Երբ որևէ երկիր ընդունում է մեծ թվով օտարերկրյա քաղաքացիների, անհրաժեշտ է հասկանալ՝ ովքեր են նրանք, ինչ նպատակով են ժամանել, որտեղ են բնակվում, ինչ աշխատանք են կատարում և արդյոք պահպանվում են Հայաստանի օրենսդրության պահանջները։ Առանց նման համակարգի նույնիսկ դրական գործընթացները կարող են ստեղծել նոր խնդիրներ։

Միգրացիոն հոսքերը կարող են նպաստել երկրի զարգացմանը, եթե դրանք կառավարվում են։ Սակայն անկառավարելի կամ չվերահսկվող ներհոսքը կարող է լրացուցիչ ճնշում ստեղծել աշխատաշուկայի, բնակարանային համակարգի, սոցիալական ծառայությունների և քաղաքային ենթակառուցվածքների վրա։

Եթե կառավարությունը խրախուսում է միջազգային բացությունը, ապա պարտավոր է ներկայացնել նաև այդ բացության կառավարման մեխանիզմները։ Զբոսաշրջության զարգացումը միայն այցելուների թվի ավելացում չէ։ Դա նշանակում է նաև պատրաստ լինել այդ աճին։ Եթե երկիրը ցանկանում է ընդունել ավելի շատ զբոսաշրջիկներ, օտարերկրյա աշխատողներ, ուսանողներ և ներդրողների, ապա պետք է ունենա համապատասխան ենթակառուցվածքներ, իրավական համակարգ և կառավարման կարողություններ։

Չի կարելի առանձնացնել տնտեսական օգուտները և անտեսել դրանց ուղեկցող պարտավորությունները։ Եթե պետությունը բացում է իր տնտեսությունը և խրախուսում միջազգային շարժունակությունը, ապա պարտավոր է նաև կառավարել դրա հետևանքները։ Հակառակ դեպքում դրական գործընթացները կարող են առաջացնել սոցիալական լարվածություն, քաղաքային անհարմարություններ և քաղաքացիների անվստահություն պետական կառավարման նկատմամբ։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի աշխատաշուկայի հարցը։ Ծառայությունների ոլորտում օտարերկրյա աշխատուժի ներգրավումը կարող է լինել բնական տնտեսական գործընթաց, սակայն անհրաժեշտ է, որպեսզի բոլորի համար գործեն նույն կանոնները՝ օրինական զբաղվածություն, հարկային պարտավորություններ, աշխատանքի անվտանգության պահանջներ և իրավական հավասար պայմաններ։

Վերջին շրջանում քաղաքացիների դժգոհությունն է առաջացնում նաև որոշ ծառայություններ իրականացնող անձանց կողմից քաղաքային կանոնների խախտումը։ Փոքր մոտոցիկլներով կամ այլ միջոցներով առաքումներ իրականացնող որոշ անձինք հաճախ երթևեկում են մայթերով՝ վտանգելով հետիոտների անվտանգությունը։ Մայթերը նախատեսված են մարդկանց ազատ և անվտանգ տեղաշարժի համար։ Եթե օրենքը գոյություն ունի, այն պետք է կիրառվի բոլորի նկատմամբ հավասարապես։

Այս իրավիճակում բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանը ունի ժամանակակից միգրացիոն քաղաքականություն, արդյո՞ք գնահատվում են արտաքին հոսքերի երկարաժամկետ հետևանքները, ո՞վ է պատասխանատու այն գործընթացների կառավարման համար, որոնք արդեն տեսանելի են Երևանի փողոցներում։ Պետական կառավարման պատասխանատվությունն այստեղ առանցքային է։

Հասարակությունը չի պահանջում փակել Հայաստանի դռները աշխարհի առաջ։ Քաղաքացիները չեն ցանկանում, որ Հայաստանը մեկուսանա աշխարհից։ Բայց նրանք ցանկանում են տեսնել պետություն, որը կարողանում է կառավարել փոփոխությունները, պաշտպանել հանրային շահը և պահպանել քաղաքային միջավայրի որակը։ Ուժեղ պետությունը այն պետությունը չէ, որը խուսափում է փոփոխություններից։ Ուժեղ պետությունը այն պետությունն է, որը կարողանում է փոփոխությունները դարձնել զարգացման հնարավորություն՝ նվազեցնելով դրանց հնարավոր բացասական հետևանքները։

Հայաստանին այսօր անհրաժեշտ է անցում արձագանքող կառավարումից դեպի կանխատեսող կառավարում։ Այսինքն՝ ոչ թե սպասել, մինչև խնդիրները կդառնան ակնհայտ, այլ նախապես գնահատել ռիսկերը, մշակել քաղաքականություն և գործել։ Պետության հիմնական առաքելությունը միայն խնդիրների լուծումը չէ։ Պետության առաքելությունն է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ խնդիրները հնարավորինս քիչ են առաջանում։

Երևանը պետք է մնա բաց աշխարհի համար, բայց միաժամանակ պետք է մնա անվտանգ, կարգավորված և արժանապատիվ քաղաք իր քաղաքացիների համար։ Որովհետև մայրաքաղաքը միայն շենքերի և փողոցների ամբողջություն չէ։ Մայրաքաղաքը պետության կառավարման մշակույթի, պատասխանատվության և ապագայի նկատմամբ վերաբերմունքի արտացոլումն է։

Ամփոփելով՝ նշեմ, որ յուրաքանչյուր քաղաք ունի իր կրողունակության սահմանները։ Քաղաքային զարգացման քաղաքականությունը պետք է հաշվի առնի ոչ միայն մարդկանց թվի աճը, այլ նաև քաղաքի կարողությունը՝ ապահովելու նրանց համար արժանապատիվ պայմաններ: Ներկայում միգրացիայի կառավարումը չի ավարտվում սահմանային անցակետում։ Այն շարունակվում է երկրի ներսում՝ տվյալների, աշխատանքի, բնակության և սոցիալական ինտեգրման քաղաքականությամբ: Կարևոր է, որպեսզի պետական և համայնքային մարմինների միջև չառաջանա պատասխանատվության բաց։ Քաղաքացին պետք է տեսնի ոչ թե տարբեր կառույցների փոխադարձ հղումներ, այլ միասնական քաղաքականություն: Քաղաքային միջավայրի փոփոխությունները ազդում են ոչ միայն ենթակառուցվածքների, այլ նաև քաղաքացիների հոգեբանական ընկալումների վրա։ Մարդը ցանկանում է զգալ, որ իր քաղաքը զարգանում է, բայց միաժամանակ մնում է իրեն հասանելի, անվտանգ և ծանոթ միջավայր: Այս առումով Հայաստանի նպատակն առաջին հերթին չպետք է լինի միայն այցելուների թվի աճը, այլ այնպիսի զբոսաշրջության ձևավորումը, որը բարձրացնում է երկրի տնտեսական և մշակութային արժեքը: Բաց պետությունը ուժեղ է այնքանով, որքանով կարողանում է կառավարել իր բացությունը:

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ՝ Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy