Արաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է»
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանն ու ԱՄՆ-ն բանակցություններ չեն վարում, և Թեհրանը չի պատրաստվում սկսել բանակցություններ, քանի դեռ «Վաշինգտոնը խախտում է հունիսին ստորագրված ժամանակավոր համաձայնագիրը», այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, որ կողմերի միջև հաղորդագրություններ են փոխանակվում միջնորդների միջոցով։
Արաղչին կրկնել է Իրանի դիրքորոշումը, ըստ որի՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ Թեհրանի և Մասկատի միջև համաձայնագիրը գտնվում է «վերջնական փուլում», սակայն այն չի նախատեսում ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղու վերաբացում։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) էլ այսօր հայտարարել է, որ չի վերաբացի Հորմուզի նեղուցը, որը կենսական նշանակություն ունի համաշխարհային տնտեսության համար, քանի դեռ ԱՄՆ-ն չի կատարել Թեհրանի կողմից ներկայացված պայմանները, այդ թվում՝ պատերազմի հետևանքով պատճառված վնասների համար փոխհատուցում տրամադրելու պահանջը։
Իրանի անվտանգության հարցերով պատասխանատու Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նախօրեին ներկայացրել է Հորմուզի նեղուցը վերաբացելու մի շարք պահանջներ, այդ թվում՝ դադարեցնել «Իրանի և նրա դաշնակիցների դեմ իրականացվող պատերազմն ու ագրեսիան՝ Լիբանանում, Պաղեստինում, Եմենում և Իրաքում»։
«Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա նաև պահանջել է վերացնել ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների նկատմամբ սահմանված շրջափակումը, դադարեցնել պատժամիջոցները, ապասառեցնել Իրանի սառեցված ակտիվները և փոխհատուցում տրամադրել պատերազմի հետևանքով պատճառված վնասների համար։
Օրերս ԱՄՆ պաշտոնյան Reuters-ին հայտնել էր, որ Օմանի և Իրանի միջև առաջընթաց է գրանցվել Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում, և «ակնկալվում է, որ շուտով համաձայնություն ձեռք կբերվի»։
Պաշտոնյան նշել էր, որ առևտրային նավագնացությունն առանց խոչընդոտների վերականգնելու մասին համաձայնության հայտարարվելուց հետո ԱՄՆ-ն կվերացնի իր կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումը։
Հետևեք մեզ՝ այստեղ



