2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկրորդ տարին անընդմեջ հայ դպրոցականները մասնակցել են Արհեստական բանականության միջազգային օլիմպիադային (IOAI)՝ 2 բրոնզով եզրափակելով ելույթը օգոստոսի 2-8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած միջազգային մրցույթում։
Հաջորդելով 2025-ին Չինաստանում գրանցած դեբյուտին՝ Հայաստանն այս տարի ներկայացել է միանգամից երկու չորս հոգանոց թիմով (առավելագույն թույլատրելին IOAI-ում)։
Թիմային հաշվարկում Հայաստանի թիմերից մեկը 5-րդ տեղն է զբաղեցրել ռոբոտների մրցաշարում, իսկ անհատականում Արամ Ամիրխանյանը և Ռազմիկ Եփրեմյանը բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի 131 երկրի ներկայացուցիչների հետ պայքարում։
Եվս երեք աշակերտ՝ Արտյոմ Հովհաննիսյանը, Դավիթ Ղազարյանը և Գուրգեն Բայբուրդյանն ընդգրկվել են պատվավոր հիշատակումների թվում։
Ութնյակը ձևավորվել է Հայաստանում IOAI-ի պաշտոնական հավատարմագրված ներկայացուցչի՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից անցկացված ազգային ընտրական փուլի արդյունքում՝ բոլոր մարզերից գրանցված 168 աշակերտի հետ պայքարում:
Օլիմպիադան անցել է 3 փուլով՝ տնային (3 առաջադրանք), թիմային (2 փուլով առաջադրանքներ՝ սիմուլյացիոն և Galbot ռոբոտով) և անհատական (6 առաջադրանք ԱԲ-ից):

Թիմային մրցույթում հաջող ելույթ է ունեցել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը ներկայացնող քառյակը՝ Ալեն Գևորգյանը, Արամ Ամիրխանյանը, Սերյոժա Նազարյանը և Վահե Պլուզյանը` եզրափակելով ելույթները լավագույն հնգյակում։
Հանդիսանալով FAST-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի աշակերտներ՝ նրանք սկսել են արհեստական բանականություն ուսումնասիրել ավագ դպրոցի իրենց եռամյա ուսումնառության ընթացքում։
Նրանցից երեքը՝ Վահեն, Արամը և Սերյոժան մասնակցել են նաև անցած տարի Պեկինում կայացած օլիմպիադային, որտեղ Արամը բրոնզե մեդալ էր նվաճել անհատական պայքարում։ Թիմը ղեկավարել է ֆիզմաթ գիտությունների թեկնածու, «ԱԲ սերունդ» ծրագրի ԱԲ դասավանդող Տիգրան Իշխանյանը։

Երկրորդ թիմում ընդգրկված են եղել Արտյոմ Հովհաննիսյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան), Գուրգեն Բայբուրդյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան, «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակից), Դավիթ Ղազարյանը (Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոց, «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակից) և Ռազմիկ Եփրեմյանը (Ֆիզմաթ)։
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017-ին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանող էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս ուղղությամբ հիմնադրամն իրականացնում է կրթական, գիտական եւ գիտական արդյունքի առեւտրայնացման նախագծեր՝ ամբողջացնելով նորարարական մտքի ձեւավորումից մինչեւ դրա նյութականացում տանող շղթան: Իր գործունեության ընթացքում հիմնադրամն իրականացրել է 32 ծրագիր՝ հասնելով ավելի քան 29 000 շահառուի։
Հետևեք մեզ՝ այստեղ



