Թուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է Ստամբուլում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստամբուլի Բեյօղլու շրջանում ոստիկանները բնակելի շենքերից մեկում հայտնաբերել են 64-ամյա ստամբուլահայ Հակոբ Դեգիրմենջիօղլուի դին։ Սպանության կասկածանքով ձերբակալված 45-ամյա Մեհմեթ Շ. Թ.-ն հետագայում խոստովանել է, որ տղամարդուն դանակահարել է վարձավճարի շուրջ ծագած վեճի ընթացքում։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կասկածյալն ինքն է զանգահարել ոստիկանություն՝ հայտնելով շենքում տարածված տհաճ հոտի մասին։ Իրավապահները դեպքի վայր հասնելուց հետո բնակարանում հայտնաբերել են Հակոբ Դեգիրմենջիօղլուի մարմինը։
Դեպքի վայրի զննությամբ տղամարդու մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում՝ պարանոցի և կողային հատվածներում, հայտնաբերվել են դանակահարության հետքեր։ Մարմինը տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության՝ մահվան հանգամանքներն ու պատճառը հստակեցնելու համար։
Սկզբնական հարցաքննության ժամանակ Մեհմեթ Շ. Թ.-ն հայտնել է, որ բնակարան մտնելիս տղամարդուն անշարժ վիճակում է տեսել։ Սակայն նրա ցուցմունքներում հայտնաբերված հակասություններից հետո ոստիկանությունը որոշել է ձերբակալել նրան։
Երկրորդ հարցաքննության ժամանակ կասկածյալը փոխել է իր ցուցմունքը և խոստովանել սպանությունը։ Նրա խոսքով՝ ինքն ու Հակոբ Դեգիրմենջիօղլուն վիճել են վարձավճարի շուրջ, ինչից հետո վիճաբանությունը վերածվել է դանակահարության։
Ոստիկանությունում գործողությունների ավարտից հետո Մեհմեթ Շ. Թ.-ն ներկայացվել է դատարան։ Դատարանը նրան կալանավորել է կանխամտածված սպանության մեղադրանքով և ուղարկել կալանավայր։
Դեպքի մասին խոսել է նաև թաղամասի բնակիչ Ջելալ Քըլըչը։ Նրա խոսքով՝ ինքը Հակոբին երկար տարիներ ճանաչել է և նրան հիշում է որպես հանգիստ ու բարեհամբույր մարդու։ Նա նշել է, որ Դեգիրմենջիօղլուն երկար տարիներ ապրել է նույն շենքում, չնայած շենքի անմխիթար վիճակին։
Քըլըչը նաև հայտնել է, որ իր տեղեկություններով՝ Հակոբը կարող էր սպանված լինել ոչ թե բնակարանում, այլ շենքի աստիճանների կամ միջանցքի հատվածում։ Նրա խոսքով՝ դեպքից մոտ երկու օր անց կասկածյալն ինքն է դիմել ոստիկանություն՝ շենքում տարածված տհաճ հոտի մասին հայտնելով, իսկ հետագայում խոստովանել է սպանությունը։
Դեպքի բոլոր հանգամանքները շարունակում են պարզվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



