Yerevan, 19.October.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի անշարժ գույքի շուկան վերջին տարիներին դարձել է ոչ միայն տնտեսական ակտիվության կարևորագույն ցուցիչներից մեկը, այլև այն ոլորտներից մեկը, որտեղ առավել արագ և տեսանելի են արտացոլվում արտաքին միգրացիոն հոսքերը, աշխարհաքաղաքական փոփոխությունները, զբոսաշրջության զարգացումը, բնակչության եկամուտների դինամիկան, շինարարական բումը և պետական տնտեսական քաղաքականության հետևանքները։

Հայաստանի անշարժ գույքի շուկան այսօր միաժամանակ և՛ ակտիվ է, և՛ խոցելի, ինչպես նաև գտնվում է թե՛ աճող պահանջարկի, թե՛ կառուցվածքային անհավասարակշռությունների ազդեցության տակ։ Խնդիրն այն է, որ վերջին տարիների փորձը ցույց է տվել՝ Հայաստանում անշարժ գույքի շուկան կարող է շատ արագ անցնել բնական աճի սահմանը և վերածվել գերտաքացած շուկայի, երբ գների աճն այլևս չի արտացոլում բնակչության եկամուտների, վարձակալության իրական եկամտաբերության կամ տնտեսության հիմնարար ցուցանիշների աճը, այլ պայմանավորված է սպասումներով, արտաքին պահանջարկով, ներդրումային տրամադրություններով և այն համոզմամբ, որ «անշարժ գույքը միշտ թանկանալու է»։ Հենց այս կետն է, որ ներկայում պետք է առանձնահատուկ ուշադրության արժանանա, քանի որ Հայաստանի համար ամենամեծ վտանգը ոչ թե անշարժ գույքի շուկայի ակտիվությունն է, այլ դրա անկառավարելի և տարածականորեն անհավասար ակտիվացումը։

Շուկայի նկատմամբ աճող հետաքրքրության հիմքում այսօր առկա է մի քանի գործոն, որոնց համադրությունը կարող է նոր փուլ ստեղծել։ Դրանցից առաջինը արտաքին պահանջարկն է։ Հայաստանի անշարժ գույքի շուկայի համար 2022 թվականը դարձավ բացառիկ շրջադարձային տարի, երբ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխվեցին մեծ թվով ռուսաստանցիներ, այդ թվում՝ բարձր որակավորում ունեցող մասնագետներ, տեխնոլոգիական ոլորտի աշխատակիցներ, ձեռնարկատերեր և ժամանակավորապես տեղափոխված ընտանիքներ։ Այդ ժամանակ բնակարանների վարձակալության շուկան ենթարկվեց հսկայական ճնշման. առաջարկը կարճ ժամանակում չէր կարող համարժեք արձագանքել պահանջարկի կտրուկ աճին, ինչի հետևանքով վարձակալության գները մի շարք հատվածներում հասան այնպիսի մակարդակի, որ արդեն դա դժվար էր արդարացնել Հայաստանի ներքին եկամուտների և բնակչության վճարունակության համատեքստում։ Այդ շրջանի ամենակարևոր դասերից մեկն այն էր, որ անշարժ գույքի շուկան միայն պահանջարկի թվաբանական հարաբերակցության հարց չէ։ Եթե մի շուկայում բնակարանների առաջարկը կարճաժամկետ հատվածում սահմանափակ է, իսկ պահանջարկը հանկարծակի աճում է, գինը կարող է բարձրանալ շատ ավելի արագ, քան իրական տնտեսության մյուս ցուցանիշները։

Սրան ավելանում է նաև շուկայի սպասումների գործոնը։ Երբ սեփականատերերը տեսնում են, որ բնակարանները արագ են վարձակալվում կամ վաճառվում, նրանք սկսում են բարձրացնել գները՝ կանխատեսելով հետագա աճ։ Հաջորդ փուլում այդ սպասումը փոխանցվում է գնորդներին, որոնք սկսում են մտածել, որ եթե այսօր չգնեն, վաղը ավելի թանկ է լինելու։ Այսպես ձևավորվում է ինքնահաստատվող գնային դինամիկա, որը կարող է որոշ ժամանակ պահպանվել նույնիսկ այն դեպքում, երբ շուկայի հիմնարար տնտեսական հիմքերը նման գները չեն արդարացնում։

2022-2023 թվականների փորձը նաև ցույց տվեց նման շուկայի հակառակ կողմը։ Երբ արտաքին պահանջարկի մի մասը նվազեց, Հայաստանից հեռացան տեղափոխված ռուսաստանցիների զգալի խմբեր, և վարձակալության շուկայի այն հատվածները, որոնք առավել մեծ կախվածություն էին ձեռք բերել այդ պահանջարկից, սկսեցին վերադառնալ ավելի հավասարակշռված մակարդակների։ Շուկայի մասնակիցները հետագայում ևս արձանագրել են, որ նախորդ տարիներին երկրորդային շուկայում ձևավորված որոշ գներ այլևս չէին համապատասխանում իրական պահանջարկին, և նախկինում չափազանց բարձր գներով առաջարկվող բնակարանները չէին վաճառվում այնքան արագ, որքան շուկայի գագաթնակետային փուլում։ Սա շատ կարևոր նախազգուշացում է ներկա իրավիճակի ու ապագայի համար. արտաքին պահանջարկը կարող է լինել շուկայի զարգացման շարժիչ, բայց այն չի կարող անվերջ փոխարինել ներքին վճարունակ պահանջարկին։

Այսօր նույնպես Ուկրաինայում արդեն չորս տարի ձգվող պատերազմի ֆոնին Ռուսաստանի հետ կապված գործոնը շարունակում է մնալ Հայաստանի անշարժ գույքի շուկայի կարևոր բաղադրիչ։

Չնայած երկու երկրների, ավելի ստույգ՝ իշխանությունների միջև քաղաքական որոշակի հակասություններին, Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանը շարունակում է ունենալ մի շարք առավելություններ՝ աշխարհագրական մոտիկություն, համեմատաբար հասանելի մուտք, ռուսերենով հաղորդակցվելու լայն հնարավորություն, ձևավորված ռուսալեզու ծառայությունների շուկա, մշակութային որոշակի հարազատություն։ Այս հանգամանքը տնտեսական տեսանկյունից կարևոր է, որովհետև անշարժ գույքի ընտրության ժամանակ մարդիկ հաշվի են առնում ոչ միայն գինը, այլև կյանքի կանխատեսելիությունը, սոցիալական միջավայրը, երեխաների կրթությունը, ծառայությունների հասանելիությունը, լեզվական միջավայրը և սեփականության իրավունքի ընկալվող անվտանգությունը։

Հատուկ գործոն է նաև Ռուսաստանի հայերի հնարավոր (արդեն նկատելի) վերադարձի կամ Հայաստանում երկրորդ բնակության վայր ստեղծելու խնդիրը։ Եթե Ռուսաստանում տնտեսական կամ քաղաքական անորոշությունները երկարաժամկետ պահպանվեն կամ խորանան, Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը կարող է աճել ոչ միայն Ռուսաստանից տեղափոխվող օտարերկրյա քաղաքացիների, այլև Ռուսաստանի հայերի, այդ թվում՝ այդ երկրում ապրող ու աշխատող ՀՀ քաղաքացիների կողմից։ Այս դեպքում գործ ունենք այլ տեսակի պահանջարկի հետ։

Ռուսաստանի հայերի մի մասը Հայաստանը դիտարկում է ոչ թե որպես կարճաժամկետ ռելոկացիայի վայր, այլ որպես ընտանիքի, կապիտալի կամ երկարաժամկետ բնակության հնարավոր երկրորդ կամ հենց հիմնական հենակետ։ Սա կարող է հատկապես ազդել ոչ միայն Երևանում, այլև տարբեր մարզերում բնակարանների, առանձնատների, այլ գույքի և հողատարածքների նկատմամբ պահանջարկի վրա։ Սակայն այս գործընթացը նույնպես պետք է դիտարկել սթափորեն։ Արտաքին կամ վերադարձային պահանջարկի աճը դրական է միայն այն դեպքում, երբ շուկան ունի բավարար նոր առաջարկ, և երբ այդ պահանջարկը չի վերածվում գների սպեկուլ յատիվ բարձրացման։

Անշարժ գույքի շուկայի չափազանց արագ թանկացումը կարող է առաջին հայացքից դրական թվալ՝ ավելացնելով շինարարական ակտիվությունը, բարձրացնելով սեփականության արժեքը և մեծացնելով ներդրումային հետաքրքրությունը։ Բայց եթե բնակարանի գինը սկսում է արագորեն հեռանալ երկրի միջին աշխատավարձից, վարձակալության վճարը՝ բնակչության եկամուտներից, իսկ նորակառույց բնակարանի արժեքը՝ բնակարանի օգտագործման կամ վարձակալությունից ստացվող եկամտաբերությունից, շուկան սկսում է կորցնել իր սոցիալ-տնտեսական հավասարակշռությունը։ Բնակարանը դառնում է ոչ թե բնակության միջոց, այլ հիմնականում ակտիվ, որի գինը պայմանավորված է ապագա թանկացման ակնկալիքով։ Այդպիսի շուկան հատկապես խոցելի է արտաքին պահանջարկի նվազման դեպքում։

Մյուս կարևոր գործոնը զբոսաշրջությունն է։ Հայաստանի զբոսաշրջային հոսքը 2026 թվականի առաջին կիսամյակում հասել է ավելի քան 1,04 միլիոն այցելության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14,8 տոկոսով, ինչը ռեկորդային ցուցանիշ է հունվար-հունիս ժամանակահատվածների համար։ Ռուսաստանը շարունակում է մնալ ամենամեծ աղբյուրը՝ մոտ 40 տոկոս «բաժնեմասով», Վրաստանից և Իրանից նույնպես գալիս են մեծ թվով այցելուներ։ Միաժամանակ նկատելի են նաև Չինաստանի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի և այլ ասիական շուկաների հոսքերը։

Սա անշարժ գույքի շուկայի համար կարևոր է, քանի որ զբոսաշրջության աճը ստեղծում է կարճաժամկետ վարձակալության, հյուրանոցային և սպասարկման տարածքների լրացուցիչ պահանջարկ։ Բայց այստեղ նույնպես անհրաժեշտ է տարբերակել զբոսաշրջիկին և բնակարանային երկարաժամկետ վարձակալին։ Եթե բնակարանների զգալի մասը դուրս է գալիս երկարաժամկետ վարձակալության շուկայից և տեղափոխվում է կարճաժամկետ զբոսաշրջային վարձակալության, ապա կենտրոնական և զբոսաշրջային բարձր պահանջարկ ունեցող թաղամասերում երկարաժամկետ բնակարանային առաջարկը կարող է կրճատվել։ Արդյունքում բնակարանային խնդիրը կարող է խորանալ նույնիսկ այն դեպքում, երբ ընդհանուր անշարժ գույքի շուկան ակտիվ է։

Այսպիսով, զբոսաշրջության աճը ինքնին դրական տնտեսական երևույթ է, բայց դրա ազդեցությունը բնակարանային շուկայի վրա պետք է կառավարվի։ Պետք է խրախուսել հյուրանոցների, ապարտ-հյուրանոցների, հյուրատների, հոսթելների և մասնագիտացված կարճաժամկետ կացության ենթակառուցվածքների զարգացումը, որպեսզի ամբողջ բնակարանային ֆոնդը չվերածվի զբոսաշրջային կացարանի։ Հակառակ դեպքում քաղաքային կենտրոններում կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ քաղաքը տնտեսական առումով ավելի ակտիվ է, զբոսաշրջիկների թիվը մեծ է, անշարժ գույքի սեփականատերերի եկամուտներն աճում են, սակայն նույն քաղաքում ապրող միջին եկամուտ ունեցող ընտանիքի համար բնակարան վարձելը կամ գնելը դառնում է ավելի դժվար։

Այս ամենի համատեքստում հատկապես կարևոր է դիտարկել Հայաստանի անշարժ գույքի շուկայի գերկենտրոնացվածությունը Երևանում։ Երևանը ոչ միայն երկրի քաղաքական, վարչական և տնտեսական կենտրոնն է, այլև փաստացի աշխատաշուկայի, կրթական համակարգի, առողջապահական ծառայությունների, բարձր վարձատրվող աշխատատեղերի և բիզնես գործունեության հիմնական կենտրոնը։ Հետևաբար, մարդկանց համար բնակարան գնելը կամ վարձելը հաճախ պարզապես անշարժ գույքի ընտրության հարց չէ. այն աշխատելու, սովորելու, բուժվելու և սոցիալական ծառայություններից օգտվելու հնարավորության հարց է։

Այս կենտրոնացվածությունը ինքն իրեն վերարտադրում է: Աշխատատեղերը կենտրոնանում են Երևանում, մարդիկ տեղափոխվում են Երևան, բնակարանների պահանջարկը աճում է, կառուցապատողները նոր շենքեր են կառուցում, իսկ նոր շենքերը կրկին ավելի շատ մարդկանց են բերում մայրաքաղաք։ Պետությունը վերջին տարիներին փորձել է այս գործընթացը որոշ չափով փոխել՝ եկամտահարկի վերադարձի հիփոթեքային ծրագրի սահմանափակումներն աստիճանաբար տարածելով Երևանի վրա և պահպանելով ավելի մեծ հնարավորություններ մարզերում։ Սակայն գործնական արդյունքները ցույց են տալիս, որ միայն հարկային խթանի փոփոխությունը բավարար չէ։ Մարդուն հնարավոր չէ միայն ֆինանսական խթանով տեղափոխել այնպիսի վայր, որտեղ չկան համապատասխան աշխատատեղ, դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, տրանսպորտ, մշակութային կյանք և այլ ենթակառուցվածք։

Մյուս խնդիրը կապված է Երևանին հարակից տարածքների հետ։ Երբ Երևանում կառուցապատման որոշ ծրագրեր բախվում են տարածքային, հարկային կամ պահանջարկի սահմանափակումների, կառուցապատողների համար բնական է դիտարկել մայրաքաղաքին անմիջապես հարակից համայնքները։ Արդյունքում ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ կարող է ձևավորվել մի յուրօրինակ «մեծ Երևան»՝ վարչական սահմաններից դուրս։ Նոր շենքերը կառուցվում են մայրաքաղաքի հարակից բնակավայրերում, բնակիչները շարունակում են աշխատել Երևանում, երեխաներին տեղափոխում են Երևան, ծառայություններից օգտվում են Երևանում, իսկ գույքի արժեքը աճում է հենց մայրաքաղաքին մոտ լինելու պատճառով։ Սա որոշ չափով թուլացնում է Երևանի վարչական սահմանների ճնշումը, բայց չի լուծում երկրի տարածքային զարգացման խնդիրը։

Ավելին, այստեղ առաջանում է նոր ենթակառուցվածքային խնդիր։ Եթե բնակարանաշինությունը արագ զարգանում է Երևանին հարակից համայնքներում, բայց ճանապարհները, հասարակական տրանսպորտը, դպրոցները, մանկապարտեզները, ջրամատակարարումը և այլ ենթակառուցվածքներ նույն արագությամբ չեն զարգանում, ապա բնակարանաշինությունը պարզապես տեղափոխում է խնդիրը մի քանի կիլոմետր այն կողմ։ Այդպիսի զարգացումը երկարաժամկետ առումով կարող է ստեղծել երթևեկության, կոմունալ համակարգերի և հանրային ծառայությունների գերբեռնվածության նոր օջախներ։

Միևնույն ժամանակ, Հայաստանի այն մարզերում, որոնք իսկապես ունեն բնակչության պահպանման և տնտեսական զարգացման կարիք, նոր բազմաբնակարան շենքերի կառուցապատման ծավալը հաճախ շարունակում է մնալ սահմանափակ։ Սա արդեն ոչ միայն անշարժ գույքի, այլ ժողովրդագրական անվտանգության խնդիր է։ Եթե մարզային քաղաքներում բնակարանային ֆոնդը չի թարմացվում, նոր ընտանիքների համար նոր բնակարանների առաջարկ չկա, հին շենքերը ֆիզիկապես մաշվում են, իսկ աշխատատեղերի քանակը սահմանափակ է, ապա երիտասարդ բնակչությունը շարունակում է տեղափոխվել Երևան կամ արտերկիր։ Այդպիսով, անշարժ գույքի շուկայի գերկենտրոնացումը դառնում է նաև ժողովրդագրական կենտրոնացման մեխանիզմ։

Առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն գյուղական բնակավայրերը։ Հայաստանի բնակարանային քաղաքականության ամենամեծ բացերից մեկն այն է, որ գյուղական բնակավայրերն անտեսվում են, ինչն էլ իր հերթին նպաստում է գյուղերի դատարկմանը։ Մարդիկ գյուղում մնալու կամ գյուղ վերադառնալու համար պետք է ունենան նորմալ բնակարան, ճանապարհ, ինտերնետ, դպրոց, մանկապարտեզ, առողջապահական ծառայություն, ջրամատակարարում և աշխատանքի կամ եկամտի հնարավորություն։ Հետևաբար, գյուղական բնակարանաշինության ծրագիրը կարող է դառնալ Հայաստանի տարածքային և ժողովրդագրական քաղաքականության կարևորագույն գործիքներից մեկը։ Այստեղ հնարավոր է մշակել գյուղական բնակարանաշինության հատուկ մոդել, որը կտարբերվի քաղաքային հիփոթեքային ծրագրերից։ Բնակարանային հարցի լուծման խնդիրը հատկապես կարևոր է երիտասարդների համար։

Եթե երիտասարդ մասնագետը կարող է ստանալ աշխատանք, բայց չի կարող իրեն թույլ տալ բնակարան գնել կամ երկարաժամկետ վարձակալել, ապա տնտեսական աճի մի մասը կորցնում է իր սոցիալական արդյունքը։ Երիտասարդը կարող է հետաձգել ընտանիք կազմելը, տեղափոխվել այլ երկիր կամ մնալ ծնողների հետ։ Այսպիսով, բնակարանային շուկայի խնդիրը անմիջականորեն կապվում է ժողովրդագրության հետ։ Իսկ Հայաստանի նման երկրի համար ժողովրդագրական բաղադրիչը չի կարող երկրորդական լինել

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the World