Զենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿ
SOCIETYՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Հ.-ն Տ.Ղ.-ի, Գ.Պ.-ի և Ս.Վ.-ի հետ 2026 թվականի հուլիսի 16-ին ներս են մտել հյուրատան տարածք՝ Գ.Խ.-ին հայտնաբերելու և հաշվեհարդար տեսնելու նպատակով, սակայն նրան այնտեղ չգտնելով՝ հանդիպել են Գ.Խ.-ի ընկերոջը՝ Ա.Խ.-ին, որին զենքի գործադրմամբ սպառնացել են, հարկադրաբար դուրս են բերել հյուրատան տարածքից, այնուհետև վերջինիս կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենան և առևանգել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«Ա.Խ.-ին առևանգելուց հետո՝ Ա.Հ.-ն, Տ.Ղ.-ն և Գ.Պ.-ն նկատել են Գ.Խ.-ին, ով ավտոմեքենայով երթևեկելիս է եղել: Այդ պահին Տ.Ղ.-ն ավտոմեքենայով փակել է Գ.Խ.-ի երթևեկության ուղղությունը՝ հարկադրելով նրան կանգնեցնել ավտոմեքենան, որից հետո Ա.Հ.-ն և Գ.Պ.-ն, իրենց մոտ առկա հրազեններով զինված իջել են ավտոմեքենայից և փոխլրացնելով միմյանց գործողությունները, խմբի կազմում, Գ.Խ.-ին սպանելու ուղղակի և միասնական դիտավորությամբ, առնվազն երեք անգամ կրակոցներ են արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ Գ.Խ.-ն ապօրինի ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող ատրճանակ և փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են դեպքի վայրի զննությամբ:
Այսպիսով, նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Տ.Ղ.-ի, Ա.Հ.-ի, Գ.Պ.-ի, Ս.Վ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից, զենքի գործադրմամբ մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու, հրազենի ապօրինի շրջանառության, իսկ Գ.Խ.-ի նկատմամբ՝ հրազենի ապօրինի շրջանառության համար:
Երկու անձ ձերբակալվել է, երեքի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում:
Կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետևեք մեզ՝ այստեղ



