ՑԱՀԱԼ-ի ԳՇ պետն անսպասելիորեն տագնապ է հայտարարել բանակում՝ մի քանի ճակատով պատերազմին պատրաստվածությունը ստուգելու համար
INTERNATIONAL NEWSԻսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը սեպտեմբերի 6-ի առավոտյան անսպասելիորեն հայտարարել է լայնածավալ զորավարժությունների մեկնարկի մասին՝ բանակի պատրաստվածությունը ստուգելու համար միաժամանակ մի քանի ճակատների բացմամբ անսպասելի և բարդ սցենարի դեպքում։
Ինչպես հայտնել են ՑԱՀԱԼ-ից, արտակարգ վարժանքի ընթացքում ստուգվում են բարձր հրամանատարության մարտական պատրաստվածության մակարդակը, պահեստազորային ուժերի պատրաստությունը, ինչպես նաև բանակի կարողությունը արձագանքելու հանկարծակի լայնամասշտաբ իրադարձության, որը միաժամանակ ընդգրկում է մի քանի ուղղություն։
Բոլոր ռազմական շրջանների, վարչությունների և զորատեսակների հրամանատարությունները հրաման են ստացել շտապ ներկայանալ իրենց շտաբներ։ Զորավարժությունները մինչև վերջին պահը գաղտնի են պահվել․ դրանց մասին նախապես տեղյակ էին միայն սահմանափակ թվով սպաներ, այդ թվում՝ որոշ գեներալ-մայորներ։
Վարժանքի շրջանակում մարտական պատրաստության են բերվել ՑԱՀԱԼ-ի բոլոր պահեստազորային ուժերը։ Մասնավորապես, գումարտակներից մեկը տեղափոխվում է ուղղաթիռների միջոցով։ Զինվորականները նախազգուշացրել են, որ օրվա ընթացքում Իսրայելի ամբողջ տարածքում անվտանգության ուժերի և ավիացիայի ակտիվությունն աճելու է։
Զամիրը հետևել է զորավարժություններին ՑԱՀԱԼ-ի գլխավոր հրամանատարական կենտրոնից, ինչպես նաև անձամբ այցելել է տեղերում գտնվող ստորաբաժանումներ։ Միաժամանակ ռազմական վերահսկողության ստորաբաժանման աշխատակիցները ստուգումներ են անցկացրել տարբեր շտաբներում։
Բանակում հայտարարել են, որ զորավարժությունները շարունակական աշխատանքի մի մասն են՝ ուղղված մարտունակության և հրամանատարության ու զորքերի բոլոր մակարդակների պատրաստվածության ամրապնդմանը։ Վարժանքի ընթացքում մշակվում են օպերատիվ պլաններ՝ հաշվի առնելով տարբեր ուղղություններում մարտական գործողությունների փորձը, ինչպես նաև հոկտեմբերի 7-ի իրադարձություններից քաղված դասերը։



