ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
INTERNATIONAL NEWSԱՄՆ իշխանությունները պետք է ձեռնպահ մնան Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ արհեստական բանականության (ԱԲ) ամերիկյան տեխնոլոգիաների «հափշտակման» վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հույս ունենք, որ ամերիկյան կողմը ազնվորեն կկատարի Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունները և ձեռնպահ կմնա ՉԺՀ հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից, ինչպես նաև զրպարտությունից», - ճեպազրույցի ընթացքում պատասխանել է նա արևմտյան լրագրողին, ով խնդրել էր մեկնաբանել Վաշինգտոնի հերթական պնդումները չինական կողմի «հափշտակումների» վերաբերյալ, որոնք իբր տեղի են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների ԱԲ մոդելների առնչությամբ։
Ինչպես պարզաբանել է պաշտոնական ներկայացուցիչը, ՉԺՀ-ում այնպիսի առաջատար մշակումների հաջող ներդրումը, ինչպիսին է DeepSeek նեյրոնային ցանցը, գիտատեխնիկական ինքնուրույնության և ինքնաբավության բարձր մակարդակի արդյունք է։ Նա նշել է, որ Պեկինը մշտապես ձգտում է բաց համագործակցության համապատասխան հարցերում։
«Մենք անշեղորեն կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է ամրապնդեն համագործակցությունը, նպաստեն ԱԲ բաց, ներառական, փոխշահավետ և բարօր զարգացմանը», - ընդգծել է Մաո Նինը։
Չինացի դիվանագետի խոսքով՝ ԱԲ տեխնոլոգիաները պետք է ծառայեն համայն մարդկության շահերին։
«Չինաստանը և ԱՄՆ-ը խոշոր խաղացողներ են ԱԲ ոլորտում, նրանց անհրաժեշտ է ուժեղացնել աշխատանքը այս ուղղությամբ», - եզրափակել է նա։



