Իրանն իր 27 ավիաընկերության դեմ ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» է որակել
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ում Իրանի դեսպանը դատապարտել է երկրի ավիացիայի ոլորտի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը՝ այն որակելով որպես «տնտեսական ահաբեկչության» օրինակ, հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։
Անվտանգության խորհրդին ուղղված նամակում դեսպան Ղոլամհոսեյն Դարզին Վաշինգտոնին մեղադրել է «կոլեկտիվ պատիժ կիրառելու և մարդկության դեմ հանցագործություն կատարելու մեջ»։
Նա պնդել է, որ պատժամիջոցները ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի, այդ թվում՝ մարդու իրավունքների և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորությունների ակնհայտ խախտում են։
ԱՄՆ-ն սեպտեմբերի 8-ին էր պատժամիջոցներ կիրառել Իրանի մնացած բոլոր գործող 27 ավիաընկերությունների նկատմամբ՝ էլ ավելի մեծացնելով ճնշումը Թեհրանի ավիացիոն ոլորտի վրա:
ԱՄՆ Ֆինանսների նախարարն ասել էր, որ Իրանն ավիացիան օգտագործում է զենքի, անձնակազմի և անօրինական բեռների փոխադրման նպատակով: Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթն էլ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի հրաժարվի իր արշավից, որի նպատակն է Իրանին զրկել ֆինանսավորման բոլոր հնարավոր ուղիներից, այդ թվում՝ ավիացիայից:



