Պարսից ծոցի երկրները և Իրանը Օմանում կքննարկեն Հորմուզի վերաբերյալ գործարքը. FT
INTERNATIONAL NEWSՊարսից ծոցի երկրների և Իրանի ԱԳ նախարարները ծրագրում են հանդիպել սեպտեմբերի 14-ին օմանական Սալալա քաղաքում՝ Հորմուզի նեղուցով նավագնացության ժամանակավոր կարգավորման մասին գործարքը քննարկելու համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հանդիպումն անցկացվում է, պարբերականի տվյալներով, Օմանի և Իրանի ջանքերի շրջանակում՝ ստանալու աջակցություն ջրային զարկերակով նավագնացության ժամանակավոր կարգավորման մասին համաձայնագրին՝ նպատակ ունենալով նվազեցնել լարվածությունը նեղուցում և վերականգնել դրանում նավագնացությունը։
Օմանի նախաձեռնած բանակցությունները կդառնան Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի վեց երկրների և Իրանի բարձրաստիճան դիվանագետների առաջին հանդիպումը փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկզբից ի վեր, ասվում է հրապարակման մեջ։
Խորհրդի կազմի մեջ են մտնում Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանը և Սաուդյան Արաբիան։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ մանրամասները դեռ համաձայնեցված չեն, սակայն մի շարք պետություններ արդեն հաստատել են մասնակցությունը հանդիպմանը։



