ԱԷՄԳ-ն Իրանի «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում ակտիվություն է գրանցել
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) ակտիվություն է գրանցել Իրանում Նաթանզից ոչ հեռու կառուցվող «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում: Այդ մասին հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Bloomberg Television-ին տված հարցազրույցում:
Գրոսիի խոսքով՝ արբանյակային լուսանկարները և հեռավար դիտարկման մյուս միջոցները ցույց են տալիս տեղափոխություններ և շինարարական ակտիվություն օբյեկտի շրջանում: Ընդ որում՝ ԱԷՄԳ տեսուչները մուտք չունեն դրա ստորգետնյա թունելներ և չեն կարող պարզել, թե ինչ աշխատանքներ են այնտեղ իրականացվում:
«Կան ակտիվության որոշ նշաններ շինհրապարակի շուրջ: Սակայն մենք կոնկրետ տեղեկատվություն չունենք, թե հատկապես ինչ աշխատանքներ են այնտեղ իրականացվում», - ասել է Գրոսին:
Երկու օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել էր, որ Վաշինգտոնը ակտիվություն է դիտարկում «Քոլանգ (հայերեն՝ քլունգ. - խմբ.) լեռան» շրջանում, և Իրանին սպառնացել էր նոր հարվածով: «Ես խորհուրդ կտայի Իրանին չխորամանկել, քանի որ մենք ստիպված կլինենք նրանց շատ ուժեղ հարվածել», - ասել էր Թրամփը Դալասում հանրապետականների համագումարի ժամանակ:
Ավելի վաղ էլ CNN-ն էր արբանյակային լուսանկարների վերլուծության հիման վրա հաղորդել, որ այս տարի շինարարական աշխատանքները օբյեկտում զգալիորեն ակտիվացել են: Ըստ փորձագետների՝ աշխատանքները կարող էին հողային աշխատանքներից անցնել ներքին հարդարմանը և ստորգետնյա համալիրի ամրապնդմանը: Ապացույցներ, թե օբյեկտի ներսում ուրան է հարստացվում կամ կա ուրան, չկան:



