«Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը
SPORTMLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» Ֆորտ Լոդերդեյլում հյուրընկալել էր Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Նեշվիլին»։ Գոլառատ և դրամատիկ հանդիպումն ավարտվել է մարտական 2:2 հաշվով:
Հյուրերը բացել են հաշիվը արդեն 4-րդ րոպեին՝ աչքի է ընկել Սեմ Սարիջը: 19-րդ րոպեին հավասարակշռությունը վերականգնվել է այն բանից հետո, երբ «Նեշվիլի» կիսապաշտպան Ռիդ Բեյքեր-Ուայթինգը գնդակն ուղարկել է սեփական դարպասը։ Երկրորդ խաղակեսում՝ 62-րդ րոպեին, Լիոնել Մեսսին առաջ է մղել «Ինտեր Մայամիին», սակայն տանտերերը չեն կարողացել պահպանել հաղթական հաշիվը. մրցավարի կողմից ավելացված առաջին րոպեին (90+1′) Սարիջը դուբլ է ձևակերպել՝ փրկելով իր թիմին պարտությունից:
Չնայած ձեռքից բաց թողած հաղթանակին, Լիոնել Մեսսիի համար այս հանդիպումը նշանավորվել է հերթական անհատական նվաճումներով: 39-ամյա արգենտինացին խփել է իր 19-րդ գոլը ընթացիկ մրցաշրջանում և միանձնյա գլխավորել MLS-ի ռմբարկուների մրցավազքը՝ շրջանցելով «Դալասի» հարձակվող Պետար Մուսային (18 գոլ): Սա Մեսսիի 928-րդ գոլն էր պրոֆեսիոնալ կարիերայում: Նրա արդյունավետ շարքը լիգայում հասել է 7 խաղի, որոնց ընթացքում նա դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Այս ոչ-ոքիից հետո «Ինտեր Մայամին» 45 միավորով հաստատվել է Արևելյան կոնֆերենցիայի երկրորդ հորիզոնականում՝ իր անպարտելի շարքը հասցնելով 4 խաղի (1 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։ Աղյուսակը շարունակում է գլխավորել «Նեշվիլը» (52 միավոր), որի առանց հաղթանակների շարքը հասավ երեք հանդիպման:
Հաջորդ տուրում «Ինտեր Մայամին» սեպտեմբերի 21-ին կմրցի «Սան Դիեգոյի» հետ, իսկ «Նեշվիլը» մեկ օր առաջ ուժերը կչափի «Չիկագո Ֆայրի» հետ:



