Ծնողները խնջույքի ժամանակ 5-ամյա որդուն թողել են մեքենայում․ երեխան մահացել է
SOCIETYԱՄՆ Արիզոնա նահանգի Պեորիա քաղաքում 5-ամյա Թեո Սաբոն մահացել է այն բանից հետո, երբ ավելի քան երկուսուկես ժամ մնացել է փակ ավտոմեքենայում։ Այդ ընթացքում նրա ծնողները տանը խնջույք էին կազմակերպել՝ իրենց մյուս երեխայի մկրտության առիթով։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին։ Եկեղեցուց վերադառնալուց հետո ընտանիքի անդամները գնացել են տուն՝ երեխային չվերցնելով մեքենայից։ Մոտ երկուսուկես ժամ անց տղային հայտնաբերել են անգիտակից վիճակում։
Հարազատները փորձել են երեխային ցուցաբերել սրտաթոքային վերակենդանացման օգնություն և կանչել փրկարարներին, սակայն ժամանած բուժաշխատողներին չի հաջողվել փրկել նրան։ Տղայի մահը հաստատվել է հիվանդանոցում։
Պեորիայի ոստիկանության տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել մեծահասակների միջև հաղորդակցության խափանման հետևանքով։ Ծնողներից յուրաքանչյուրը կարծել է, թե քնած երեխային մեքենայից դուրս բերելը վստահված է ընտանիքի մեկ այլ անդամի։
Մարիկոպա շրջանի դատախազությունը մահացած երեխայի ծնողներին՝ Միխայիլ և Անկա Սաբոներին, մեղադրանք է ներկայացրել անզգուշությամբ սպանության և երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։
Դատարանում մեղադրյալների փաստաբանը հայտարարել է, որ տեղի ունեցածը եղել է ողբերգական սխալ, այլ ոչ թե անփութության կամ դաժանության դրսևորում։
Ինչպես տեղեկանում է Past.am-ը, գործով քննությունը շարունակվում է։



